«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Նոր սահմանադրությունը կեղծ հանրաքվեով ընդունված համարելուց հետո վարչախումբը ձեռնամուխ է եղել այդ «սահմանադրությամբ» ամրագրված միակուսակցական համակարգը գործնականորեն ու վերջնականապես հաստատելու գործին:
Բնականաբար՝ ամեն այլընտրանք բացառող այդ համակարգի հաստատման ճանապարհի առաջին արգելքը դրա կանոններից դուրս գործելու ռազմավարություն որդեգրած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է, ուստի վարչախմբի առաջին քայլը դարձավ դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում Ճակատի նախաձեռնած այլընտրանքային ամանորյա հավաքի խափանումը:
Այդ նպատակով վարչախումբը կազմակերպել է հատուկ գործողություն, որի մեջ է ներգրավել ոչ միայն ոստիկանությանը, այլև Երևանի քաղաքապետարանին, Մշակույթի նախարարությանը և Ալ. Սպենդիարյանին անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը:
Նախ՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես ակնհայտ է դարձել Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու վերաբերյալ հավաքի իրազեկման լրացման դիմումի քննարկման ընթացքում, հրահանգ է ստացել անհեթեթ պատճառաբանություններով խուսափելու տոնածառը որպես հավաքի ընթացքում օգտագործվող առարկա համարելու իր պարտականությունից, որպեսզի ոստիկանությանը հնարավորություն ընձեռնվի արգելելու տոնածառի տեղադրումը:
Այնուհետև՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը, չարաշահելով մշակույթի օջախի անունից դիմելու հանգամանքը, հավաքի կազմակերպիչներին խնդրել է դեկտեմբերի 27-ին նախատեսված համերգի ընթացքում թատրոնի բոլոր դռները բացելու նպատակով մի քանի ժամ հանել դռներից մեկի վրա փակցված քարոզչական պաստառը: Հետագայում, երբ կազմակերպիչները փորձել են նորից կախել պաստառը, ոստիկանությունը ապօրինի կերպով բռնությամբ արգելել է նրանց փորձերը, ինչից հետո ակնհայտ է դարձել, որ թատրոնի տնօրինությունն այդ դավադիր գործողության մասնակից է:
Մինչդեռ Արցախյան շարժման ժամանակներից մինչ օրս ձևավորված նախադեպի և համաչափության պահանջի իրավունքով թատրոնի պատին նույն տեղում պաստառ փակցնելը չի կարող որևէ կերպ արգելվել:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում է, որ այս ապօրինի գործողությունները չեն կարող խափանել Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ին անցկացվող ամանորյա հավաքը և մեր քաղաքացիները դրա շնորհիվ ինչպես տոնի, այնպես էլ քաղաքական հեռանկարի առումներով տեսնելու են կոմունիստական խորհրդանիշ հնգաթև կարմիր աստղերով զարդարված տոնածառերի և նրանց շուրջը խմբված կոռուցպիոն կերպարների այլընտրանքը»: