Սեյրան Օհանյանը մասնակցել է ռազմական նշանակության մի շարք օբյեկտների հանդիսավոր բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել և շահագործման են հանձնվել նաև ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ենթակայությամբ գտնվող ավտոտեխնիկայի ունեցվածքի պահեստային ենթագոտու նոր համալիրն ու տարհանման գումարտակի ավտոկայանատեղին:

Շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ պաշտպանության նախարարը գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ներկաներին մաղթել է հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:




Լրահոս