Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը եւ ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ.Միրզոյանը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ եւ ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: