ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանական ավտոմեքենայում գտնվելու դրվագով տեսանյութ էր տարածվել: Նշենք, որ ապրիլի 9-ին Ա. Մարտիրոսյանը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին: Պարզվում է՝ ոստիկանական մեքենայի մեջ է եղել նաեւ Ա. Մարտիրոսյանի ամերիկահայ ընկերը, որին եւս նույն մեքենայով տեղափոխել են ոստիկանության բաժին:
Տեսանյութում Արմեն Մարտիրոսյանը ոստիկանական մեքենայում հայհոյում է, խոսում երկրի ներկա իրավիճակից եւ հայտնում, որ իրենց 100.000 դոլար կաշառք են առաջարկել, սակայն հրաժարվել են՝ նաեւ հանուն ոստիկանների:
Երեկ այդ տեսանյութի առնչությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է, թե ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Պարզվել է, որ նույն օրը Ա. Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել եւս մի քաղաքացի, իսկ մեքենայում եղել են երկու ոստիկան՝ մեկը՝ ղեկին, մյուսը՝ սրահում (սրահում գտնվող ոստիկանը երեւում է տեսագրության մեջ, իսկ ընթացքի պահին վարորդի կողմից տեսագրելը իրատեսական չէ, բացի այդ՝ նկարահանման ռակուրսը միանգամայն այլ է): Այս առիթով մի քանի հարց ուղղեցինք Արմեն Մարտիրոսյանին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, չնայած հնչած մեղադրանքներին՝ այդ թվում եւ մեր կողմից, որ ոստիկանությունն օպերատիվ նկարահանումները հրապարակում է, ինչը, մեղմ ասած, գեղեցիկ չէ, պարզվեց, որ համացանցում տեսանյութ տարածողը եղել է Ձեր ընկերը: Իսկապե՞ս նրան Ձեզ հետ միասին ոստիկանները բերման են ենթարկել:
-Տարածողը չգիտեմ ով է, բայց նկարողին շատ լավ ճանաչում եմ բնականաբար, ու ինքը հրաշալի տղա է: Այո՛, իրեն եւս ինձ հետ միասին ոստիկանությունը բաժին է բերման ենթարկել:
-Տեղեկություններ կան, որ Ձեր ընկերը, որը նկարահանել է ոստիկանության մեքենայում Ձեր խոսակցությունը, այժմ ԱՄՆ-ում է:
-Այո՛, նա Ամերիկայում է, դա ճիշտ է:
-Բայց նա Ձեր ընկե՞րն է:
-Մոտավորապես կարելի է այդպես ասել: Ես տեղյակ չեմ եղել, որ նկարահանում է, գրեթե 20 օր հետո նոր իմացել եմ, որ այդպիսի տեսանյութ կա:
-Իսկ ինչո՞ւ է Ձեր ընկերը որոշել նկարահանել ու այժմ էլ համացանցում տարածել:
-Նկարողն ու տարածողը կարող են տարբեր մարդիկ լինել:
-Եթե միայն ինքն է նկարահանել, այդ դեպքում ո՞վ կարող է տարածել:
-Ես այդտեղ որեւէ բան չեմ տեսնում, ու ինքն էլ՝ տեսանյութը, իմ ասածների հետ կապված՝ որեւէ առանձնահատուկ բան չի ասում, այնտեղ այնպիսի բան չկա, որն իմ արժեքային համակարգից կամ իմ քաղաքական դիրքորոշումներից դուրս լինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս