Независимая газета-ն ամփոփել է տարին և անդրադարձել Եվրասիական տնտեսական միությանը: Լրատվամիջոցը գրում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես իր աշխատանքն էր սկսել Եվրասիական տնտեսական միություն: ԵՏՄ-ի կազմում եղած անդամ երկրները որոշել էին իրականացնել ապրանքների ազատ առևտուր, ծառայությունների և աշխատուժի փոխանակում:
2015 թվականի հունվարի 2-ից միության լիիրավ անդամ էր դարձել նաև Հայաստանը: Իսկ մայիսի 8-ին միությանը միացավ նաև Ղրղզստանը: Եվ չնայած մեծ խոստումների ու ծրագրերի, թերթը նկատում է, որ ԵՏՄ-ի գործունեության առաջին տարին անարդյունավետ է համարվում: Չէ որ, ողջ տարին միության ներսում հակասություններ էին տիրում, և այն ցնցվում էր սկանդալներից: Դրանց մեծ մասն արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի վրա պատժամիջոցների հետևանք էին:
Դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացասական ազդեցություն էին ունենում ԵՏՄ-ում Ռուսաստանի ամենամոտ գործընկերների՝ Ղազախստանի և Բելառուսի վրա: Պատժամիջոցների տակ հայտնված եվրոպական ապրանքները շարունակում էին մտնել Ռուսաստանի շուկաներ գործընկերային երկրների միջոցով: Նավթի գների անկումը, ազգային արժույթի անկումը, ինֆլյացիան էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը դաշինքի ներսում:
Իսկ դաշինքի ներսում անդամ-երկրները պարբերաբար մտավախություն էին հայտնում, որ Ռուսաստանը կարող է փորձել ԵՏՄ-ն օգտագործել քաղաքական նպատակներով: Անհանգստություններն ուժեղանում էին նաև արժութային միություն ստեղծելու և միասնական արժույթ շրջանառության մեջ դնելու Ռուսաստանի ցանկության պատճառով:
Ինչպես հայտնի է` 2016 թվականին ԵՏՄ նախագահությունը Բելառուսից անցնելու է Ղազախստանին: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հաջորդ քայլը դժվար կլինի, բայց վստահեցրել է, որ Աստանան առավելագույն ջանքերը կգործադրի, որպեսզի ԵՏՄ-ն զարգանա և հաջող աշխատի: