ԽՆԴԻՐ ԿԱ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խոսելով նոր կառավարության կազմի մասին, որը գրեթե չի փոփոխվել, նշել է. «Այդ հնարավորությունն ընտրողները տվել են մեր կուսակցությանը, որպեսզի նախագահը նշանակի վարչապետին, եւ նշանակել ենք: Հիմա դժգոհություն կա, եւ հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը: Մենք բոլորի հետ ուզում ենք աշխատել՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ»: Աբրահամյանը համաձայնել է, որ մարդիկ խոստացված բարեփոխումներն իրենց մաշկի վրա չեն զգում: «Աստված չտա, որ առաջիկա չորս տարում էլ այդպես շարունակվի: Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ կան խնդիրներ: Պատահական չէր, որ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ արեց մասնակցել բարեփոխումներին, ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որից նա հրաժարվեց: Ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ, որ ընդուներ, որովհետեւ ինքը ստացել էր քվեների 37 տոկոսը եւ այդ իրավունքը վաստակել էր»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
ՆԵՐՔԻՆ ԿԱՊԵՐՈՎ
ՀՀ արդարադատության խորհուրդը AM իրավաբանական ընկերության փաստաբանի դիմումի հիման վրա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հայտարարելով նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Պատճառը եղել է այն, որ դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Նշենք, որ AM իրավաբանական ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսայի եղբորը` Գրիգոր Մինասյանին, որը ՀՀԿ ավագանու անդամ է ընտրվել: Ինչպես ասում են, պատահական ոչինչ չի լինում:
ՕՐԻՆԱ՛Կ ՎԵՐՑՐԵՔ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է կառավարության անդամներին հաշիվներ եւ արժեթղթեր ունենալ արտերկրյա բանկերում: Փաստաթղթով արգելվում է նաեւ պաշտոնյաներին ունենալ եւ օգտագործել օտարերկրյա ֆինանսական գործիքներ: Մանրամասնվում է, որ արգելքը վերաբերում է ոչ միայն արժեթղթերին, այլեւ արտադրական ֆինանսական գործիքներին:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐՈՎ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կկայացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 3 միլիոն դրամ տրամադրելու մասին։ Նշված գումարն այնուհետեւ սուբսիդիայի կարգով տրամադրվելու է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը՝ ներկրված 500 սայլակները հավաքելու եւ կարիքավոր անձանց տրամադրելու համար։ Հիշեցնենք, որ «Փյունիկ» հիմնադրամի ղեկավարը Սերժ Սարգսյանի եղբայր, դեսպան Լեւոն Սարգսյանն է:
ՇԱՏ Է ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ
ԱՄՆ-ը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը. «ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, ինչպես եւ նախկինում: Կարծում եմ՝ մենք ականատես կդառնանք նրա գործունեության աշխուժացմանը: ԱՄՆ-ի պետքարտուղարը շատ է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակով»:
«ԷՏԻ Ո՞ՐՆ Ա»
Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լեզվի սայթաքումով բացահայտել է իր իրական կարպարը: Լրագրողները հարցրել են, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ՀԱԿ-ի դիմումի համաձայն՝ հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրում է նրա հայտարարագիրը՝ պարզելու, թե որտեղից նրան այդքան հարստություն: «Էտի ո՞րն ա»,-ի պատասխան՝ հետաքրքրվել է Մարգարյանը եւ շարունակել, թե իրեն չի անհանգստացնում դա, քանի որ ինքն ինչ ունի, հստակ իր հայտարարագրի մեջ գրել է: «Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինչ ունեն, չեն գրել»,- հավելել է Մարգարյանը: