Երեկ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանը որոշել է «հրաժարական» տալ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: Դուք կրկնակի հրաժարակա՞ն եք տվել. «Ժողովուրդ»-ի այս հարցին Ռոստոմյանը պատասխանեց. -Մենք հրաժարական տվել ենք ինագուրացիայի օրը: -Այսինքն՝ Դուք այս պահին շարունակո՞ւմ եք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի աշխատանքները կատարել: -Ի՞նչ ասեմ: -Դուք՝ որպես նախարարի պաշտոնակատար, հիմա աշխատո՞ւմ եք: -Այս պահի դրությամբ այո՛, իհարկե: -Բայց լուրեր կան, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն արդեն համաձայնել է Ձեր պաշտոնը ստանձնել: -Խնդրում եմ, էլի՛, առանց մեկնաբանությունների, հիմա ինձ հարմար չէ, աշխատանքային պրոցեսի մեջ եմ, հետո կխոսենք: -Իսկ ե՞րբ է Ձեզ հարմար հարցերին պատասխանել: -Ժամը 6-ի՛ն զանգեք: «Ժողովուրդ»-ը ժամը 18:00-ից հետո զանգահարեց Ռոստոմյանին, որն ասաց, թե այլեւս չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել. «NO COMMENT»: Հավանաբար, արդեն գուժել էին, որ պետք է լքի նախարարի տաքուկ սենյակը, այլեւս մեկնաբանելու բան չկար: Այսպիսով՝ ԲՀԿ-ն հրաժարվեց իր վերջին իշխանական պորտֆելից՝ խզելով բոլոր տեսակի կապերը ՀՀԿ-ի հետ: Միայն Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ եւ ՀՀ անվտանգության խորհրդի անդամ: Հետաքրքիր է՝ մինչեւ երբ: