ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆՕԹԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 13 տարի է, ինչ Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու 3/4 հասցեում  գտնվող «ԷԿՈ ԱՌ» ՓԲԸ-ի (սանմաքրման) հանրակացարանում 7 ընտանիք է ապրում: «Ժողովուրդ»-ը բնակիչներից տեղեկացավ, որ «ԷԿՈ ԱՌ» ՓԲԸ-ն այս պահին լուծարման գործընթացում է, եւ հիմա դրա փոխարեն շենքի առաջին հարկում աշխատում է «Դավթաշենի բնակֆոնդ»-ը, որն էլ սպասարկում է Արաբկիր վարչական շրջանի: Իսկ վերեւի հարկերում ապրում են բնակֆոնդի բանվորներն իրենց ընտանիքներով: Շենքի սեփականատերը «ԲՏՎ ինվեստ» ՓԲԸ-ն է, որն այս տարի, հավանաբար, գործունեություն կծավալի:
Բացի այս, կա նաեւ մեկ այլ խնդիր. եթե բնակֆոնդի աշխատակիցները (խոսքը վերաբերվում է տղամարդկանց) աշխատանքից ազատվեն, ապա նրանք կհայտնվեն փողոցում: «Ժողովուրդ»-ը եղավ հանրակացարանում, ծանոթացավ կոմունալ պայմաններին եւ զրուցեց բնակիչների հետ: Շենքի տակով անցնում է Քանաքեռգէս-ի  ջրատարը, ինչի  պատճառով այն  գտնվում է փլուզման եզրին:
Հանրակացարանի բնակիչ Հարութ Հովհաննիսյանն իր կնոջ ու չորս երեխաների հետ այստեղ է հաստատվել դեռեւս 1990-ականներից: Նրա հարեւան սենյակում ապրում են ծնողները` Սամվել եւ Ռուզաննա Հովհաննիսյանները: Հարութը «Դավթաշենի բնակֆոնդ»-ում բանվոր է աշխատում, իսկ հայրն աղբատար մեքենայի վարորդ է:
«4 երեխա ունեմ ու ստանում եմ ընդամենը 80 հազար դրամ: Չի բավարարում: Բախտներս բերել է, որ վարձ չենք տալիս, միայն էլեկտրաէներգիայի գումարն ենք վճարում: Եթե հիմնարկում չաշխատենք, ապա այստեղ էլ չենք կարող ապրել: Ու եթե մեզ էստեղից հանեն, էլ տեղ չունենք, որ գնանք: Ապրելու տեղ չունենք: Պետք է վարձով մնանք, բայց դե ո՞վ ունի այդքան գումար կամ որտե՞ղ աշխատենք, որ տան վարձ վճարենք»,-«Ժողովուրդ»-ին իրենց վիճակը ներկայացրեց Հարութը:
«Մեկ-մեկ մարդիկ կան, գալիս, ասում են՝ հանելու ենք, վախեցնում են, բայց դե ի՞նչ անենք, հանդուրժում ենք: Փշերի վրա ենք ապրում: Ձեր գնալուց հետո կարող է մեզ մոտենան ու զգուշացնեն»,-նկատեց մեկ այլ բնակիչ: Նրանց պատմելով՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն իր պաշտոնավարման ընթացքում խոստացել էր «Ռադիոմաշտ» կոչվող տարածքում իրենց համար բնակելի շենք կառուցել, սակայն դա այդպես էլ միայն խոստում մնաց: «Մենք համաձայնել էինք աշխատել ու ամեն ամիս պետք է մեր աշխատավարձից պահեին: Հետո, երբ նա պաշտոնաթող եղավ, դա արդեն անցավ պատմության գիրկը: Ո՛չ թաղապետարանից օգուտ ունենք, ո՛չ էլ քաղաքապետարանից: Երեւանի գրանցում ունենք, բայց մեր անունով սեփականաշնորհված բնակարան չունենք: Նույնիսկ «Փարոս» համակարգից չենք օգտվում»,-դժգոհեց Հարութ Հովհաննիսյանը:
Իսկ նրա կինը` Արեւհատը, «Ժողովուրդ»-ին ներկայացրեց, որ իրենք մի փոքրիկ սենյակում ե՛ւ ճաշ են եփում, ե՛ւ քնում. «Խոնավությունից էլ հիվանդանում ենք: Զուգարանն ընդհանուր է: Չգիտեմ, թե երեխաներին որտեղ լողացնեմ, հազար ինֆեկցիա կա: Դրա համար էլ հաճախակի են հիվանդանում»:
Զրուցեցինք նաեւ մյուս բնակիչների հետ, որոնք եւս դժգոհեցին, որ զուգարանն ընդհանուր է, իսկ ջուրն էլ երկրորդ եւ երրորդ հարկի բնակիչները ստիպված դույլերով ներքեւի հարկից են կրում: «Զուգարանից ամբողջ շենքն է օգտվում` մեծ ու փոքր: Իսկ բաղնիք չունենք: Ինչքա՞ն կարելի է գնալ հարազատների տուն ու լողանալ: Ամեն անգամ չենք կարող գնալ ու խնդրել: Ջահել աղջիկը մտնում է զուգարան, ամաչում ես հետեւից մտնել: Լվացք անելու տեղ էլ չկա, ջահել աղջիկը լվացք է անում, ամոթ է ասել, պետք է սպասենք, որ դուրս գա, ու նոր մտնենք` զուգարանից օգտվելու համար: Մեր շենքը գլոբուսից դուրս է»,-վրդովված նկատեց Հարութը:
Իսկ բնակիչներից Նազիկ Ամարյանը պատմեց, որ իր որդու սիրած աղջկան խաբելով է հարս բերել. «Իմ տղերքն էլ բանվորություն են անում, ես էլ այստեղ-այնտեղ ավել եմ անում: Մի որդուս պսակել եմ, իսկ մյուսին ոչ. գնում եմ աղջիկ ուզելու, ասում են՝ գամ, զիբիլի մե՞ջ մնամ: Աղջիկ էլ չեն տալիս: Իսկ ամուսնացած տղաս իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում է ապրում: Ախր աղջի՛կ ջան, տարիքով տղա են, ուզում են ամուսնանալ: Չամուսնացած աղջիկ էլ ունեմ, ո՞վ կգա ու այստեղից հարս կտանի: Որդիներս էլ սուս արած աշխատում են, որ հանկարծ մեզ այստեղից չհանեն, քանի որ ապրելու տեղ չունենք : Օրական 1000 դրամ վաստակում ենք, մեզ խաբում ենք, հաց ենք առնում, ուտում»: Ն. Ամարյանն ապրել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում, սակայն 1988-ի երկրաշարժից հետո կորցնելով ամեն ինչ՝ հաստատվել է այստեղ: Նշենք, որ տիկին Նազիկի ամուսինը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել, մահացել է 2010-ին:
Հանրակացարանում բնակվող 11-ամյա Ռուզաննան էլ երազում է առանձին ննջարան ունենալու մասին. «Ես ծաղիկներ շատ եմ սիրում, որ առանձին սենյակ ունենամ, շատ ծաղիկներ կաճեցնեմ: Իսկ պատերից իմ ձեռքով արված նկարները կկախեմ: Այստեղ ես ընկերուհիներ չունեմ, շփվում եմ միայն տղա երեխաների հետ»:
Հանրակացարանի բնակիչներն Արաբկիրի թաղապետից ու Երեւանի քաղաքապետից պահանջում են իրենց հողատարածք տրամադրել: «Գոնե մի քանի մետր հողատարածք տան, մենք մեզ համար տուն կսարքենք»,-իրենք էլ չհավատալով նման հեռանկարին` այնուամենայնիվ, մեր թերթի միջոցով փոխանցեցին բնակիչները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ տվյալ շենքն Արաբկիրի թաղապետարանի ենթակայության տակ չի գտնվում:
«Դավթաշենի բնակֆոնդ»-ի գլխավոր հաշվապահ Մարինե Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մի խնդիր կա, երբ հիմնադիրները գան ու ցանկանան իրենց շենքը վերանորոգել, ապա բոլորս ստիպված ենք դուրս գալ, այդ թվում նաեւ բնակիչները: Առաջիկայում նման բան հնարավոր է: Եվ նրանք էլ, ինչպես հանրակացարանում, տեղավորվել են: Այս շենքը հինգ տարի է՝ սեփականատեր ունի, եւ հավանաբար այս տարի իր գործունեությունը կծավալի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս