Մայիսի 7-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկվել, դատական կարգադրիչները մետաղորսիչ սարքերով ստուգում էին դահլիճ մտնողներին, նաեւ լրագրողներին: Բանն այն է, որ երեկ դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով 5 ամբաստանյալների դատավճիռը:
Դատարանը վճռեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով, եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչել նաեւ ՀՀ քր. օր.-ի 365 հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 2 տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչել նաեւ ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման, եւ վերջապես` մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 375 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատարանը ՀՀ քր. օր.-ի 66 հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, որպես վերջնական պատիժ՝ Հ. Մանուկյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման:
Բացի այդ, դատարանը վճռեց ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 38-375 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, Ադիբեկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման: Ամբաստանյալներից Մխիթար Մխիթարյանը եւս մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Իսկ Հարութիկ Կիրակոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր.-ի 358 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց կիրառել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ 2011թ. մայիսի 26-ին ԱԺ համաներում հայտարարելու մասին որոշումը եւ Հարութիկ Կիրակոսյանին ազատել պատժից: Հիշեցնենք, որ քրգործով մեղադրողները պահանջել էին Հակոբ Մանուկյանին դատապարտել 13, Վահագն Հայրապետյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին, Մխիթար Մխիթարյանին` 4-ական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանին՝ 2 տարվա ազատազրկման: Երբ դատավորն ավարտեց դատավճռի հրապարակումը, ամբաստանյալների հարազատներից մեկը գոչեց. «Ամոթ ձեզ»:
Դատավորն ու դատախազները ծառայողական ելքով արդեն հեռացել էին, սակայն Ադիբեկ Հովհաննիսյանի հայրը՝ Հրաչյան, ու վերջինիս հարազատը չէին հանդարտվում՝ գոռալով. «Անմեղ էրեխուն ինչո՞ւ եք դատում, էկե՛ք ընտանիքի վիճակը տեսե՛ք»: Բարձր ճիչ արձակեց եւ ուշակորույս ընկավ Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը, դատական կարգադրիչները նրան օգնություն ցուցաբերեցին, ջուր տվեցին, դատարան եկավ շտապօգնության խումբը, ուշակորույս եղած կնոջը բուժօգնություն ցուցաբերեցին:
Ա. Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն ավելի ուշ հայտարարել է, որ իրենք դիմելու են դատական բոլոր ատյաններին` այս դատավճիռը բողոքարկելու եւ արդարության հասնելու համար:
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ