КВН-Ը ՊԱՐԶԱՊԵՍ ԽԱՂ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակը, այս առիթով մայիսի 8-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հումորային շոու ծրագիր 1993-ից 2002 թվականների հայկական լավագույն թիմերի մասնակցությամբ, այդ թվում՝ «ԵրՄԻ», «Նոր հայեր» եւ «Հայկական նախագիծ»:
Համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են «Շարմ հոլդինգ»-ը եւ Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիան: Նախատեսվում է միջոցառմանը հրավիրել ՈՒՀԱ-ի միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովին:
Շոումեն ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ, որը «ԵրՄԻ» թիմի կազմում է խաղացել, այսօր ջերմ ժպիտով եւ ուրախությամբ է հիշում իրենց խաղերն ու միասին անցկացրած օրերը. «Երբ երեկ մենք ՈՒՀԱ-ի «ԵրՄԻ»-ի թիմով հավաքվեցինք ու սկսեցինք ելույթի համար սցենար գրել, ինչ-որ պահի մեր՝ արդեն ոչ երիտասարդ, հասուն մարդկանց հետ ցնցող կերպարանափոխություն տեղի ունեցավ: 20 տարիները միանգամից անհետացան: Ակնթարթորեն մոռացվեցին զբաղեցրած պաշտոնները, սոցիալական եւ նյութական դրությունը, ձեռք բերած հաջողություններն ու հիասթափությունները:
Մենք բոլորս վերածվեցինք, ընդ որում ենթագիտակցական մակարդակում, հեռավոր 1992թ. մութ նկուղում, մոմերի ներքո վերարկուով եւ տաք բաճկոնով «ֆուջիկայի» կողքին նստած  մատները տաքացնողների, որպեսզի հնարավոր լինի գրել:
Հենց այն ժամանակ կարողացանք գրել լավագույն կատակներն ու տեսարանները: Հենց այն ժամանակ էինք մենք ՈՒՀԱ-ի անպարտելի «ԵրՄԻ»-ի թիմը: Հենց այն ժամանակ էինք մենք իսկապես մենք: Եվ այսօր ես հասկացա. հենց այն ժամանակ՝ 20 տարի առաջ, մենք իսկապես երջանիկ էինք: Շնորհակալ եմ, ընկերնե՛ր, սա կրկին վերապրելու համար»:

«Նոր հայեր» թիմում խաղացած ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ Մենչը, խոստովանեց, որ ԽԹծ սկսել են խաղալ՝ ոգեշնչված լինելով բժշկականի թիմի՝ «ԵրՄի»-ի խաղերով. «Այն, ինչ իրենք անում էին, մեզ դուր էր գալիս: Բայց մենք մի քիչ այլ ոճով էինք խաղում: Այդ տարիներին մեր հայկական թիմերը տալիս էին լավ ցուցանիշ: Չգիտեմ, թե կոնկրետ ինչու դադարեցին լավ խաղալ, մտածում եմ՝ երեւի ռուսերենի չիմացությունն է»:
Հիմա շոումեն-դերասանը ժյուրիի կարգավիճակում ներկա է լինում շատ ուսանողական խաղերի, սակայն, նրա խոսքով, դա ԽԹծ չէ, հայերենով դա կարելի է նաեւ հումորային համերգ կոչել:  
ՈՒՀԱ-ում խաղացած տարիներից էլ շատ հետաքրքիր հուշեր են մնացել, բայց Մենչը մտաբերեց միայն ամենահիշարժան խաղը. «Ուժեղ թիմեր շատ են եղել, բայց կար մի թիմ՝ Նովոսիբիրսկի թիմը, որը միակն էր պատմության մեջ, որ հաղթել էր մեր բժշկականի թիմի տղաներին: Այնպես ստացվեց, որ 3 տարի անց մեր «Նոր հայեր» թիմը խաղաց նրանց հետ ու հաղթեց: Երեւի դա մեզ համար ամենատպավորիչ հաղթանակն էր, մուռներս հանեցինք»:
Իսկ վերջում Արմենը շնորհավորեց իր ընկեր-կոլեգաներին՝ նշելով, որ այս տոնը շատ կարեւոր է իրենց համար: Այն բոլոր տղաներին, որ ՈՒՀԱ են խաղացել, հասել հաջողությունների, մաղթեց, որ երբեք չփոխվեն:

Իսկ հումորիստ, դերասան ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԱՐՄՈՒՇԸ, խաղացել է «Հայկական նախագիծ», «Արարատ» թիմերում: 2001թ. «Հայկական նախագիծ» թիմով դարձել են Հայաստանի չեմպիոն: Հարցին, թե ինչու КВН-ը դադարեց Հայաստանում, դերասանը պատասխանեց. «Մարդիկ КВН-ում սովորում են շատ բաներ, ինքնահաստատվում են,  ձեռքբերումներ ունենում, քայլերը կամաց-կամաց շոու բիզնես են տանում: Ցավալի է, բայց հիմա ինտելեկտուալ հումորը մի տեսակ կորել է: «Նոր հայեր» թիմի ժամանակ որակն այլ էր, խմբագիրները շատ ուժեղ էին՝ Կազարյան Կարեն, Մարկ Սաղաթելյան, Ռաֆայել Հովհաննիսյան… Հետո ամեն ինչ փոխվեց, երիտասարդներ եկան, ու որակը գնալով իջավ»:
Արմուշին խնդրեցինք այդ տարիներից հետաքրքիր դեպքեր հիշել. «Հուշերս անսահման են, բայց… Եթե նկատել եք, հայկական թիմերում աղջիկներ չեն եղել, դե պատկերացրե՛ք, թե միայն տղաներով ինչեր կանեինք: Դրանք բարձրաձայնելու չեն, տղաների խոհանոց է. «У мужчин свои секреты»: Կներեք, բայց չեմ պատմի: Կասեմ ընդամենը, որ դա միայն խաղ չէր մեզ համար, մեջբերեմ Կարեն Կազարյանի խոսքերը. «КВН не игра-это образ жизни»: Ես հիմա էլ շարունակում եմ իմ թիմակիցների հետ ընկերություն անել՝ չնայած, որ ամեն մեկս մեր գործն ունենք: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ իմ կոլեգաներին եւ ինձ: Այսօր նշում ենք մեր ակումբի 20-ամյակը, որի զարգացման հարցում մեծ ներդրում ունեն «Շարմ»-ի տղաները Ռուբեն Ջաղինյանի գլխավորությամբ»:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս