Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ. Գարեգին Բ-ի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը:

Գոհաբանական մաղթանքով, նոր հույսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետության, մեր Եկեղեցու եւ ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպվեցին հիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակվեց մեր արդար դատին հետամուտ լինելու եւ հաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հավատքի եւ հայրենիքի համար մարտիրոսության պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը: Հիշատակի միջոցառումները հոգեւոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կյանքին` առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հավատքի ու հայրենյաց սիրո զորացման, ամրապնդելով արդարության հասնելու վստահությունը մեր ժողովրդի:

Անցնող տարում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք եւ դժվարություններ ու հոգսեր, նաեւ՝ անհանգստություններ ու ցավալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատվորեն, արիասիրտ, միավորյալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրավերներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կյանքի խաղաղությունը եւ թանկ գնով ձեռք բերված նվաճումները: Միասնության այս ոգով, սիրելիներ, եւ լավատեսությամբ դիմավորենք նոր տարին: 2016 թվականին Հայաստանում եւ Արցախում տոնախմբելու ենք մեր անկախ պետականության վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի եւ մեր պետության հզորության նախանձախնդրությամբ Հայրենիքում եւ Սփյուռքում միմյանց աջակից՝ ամեն կարելիություն ներդնենք շենացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կյանքը եւ լուսավոր՝ մեր ապագան:

Տարեմուտի այս երեկո, Սուրբ Ծննդյան նախասեմին առատացնենք մեր աղոթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքի համար: Հիշենք կարոտյալներին, նեղյալներին, հիվանդներին եւ վշտացյալներին, Մերձավոր Արեւելքում պատերազմական փորձությունները կրող մեր եղբայրներին ու քույրերին եւ մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զավակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցության մեր ձեռքը: Աղոթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհված մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնվիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինվորների եւ հրամանատարների համար:

Առ Աստված աղոթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանություններին, մեր Եկեղեցու սպասավորներին, մեր ժողովրդի բոլոր զավակներին: Ապահովություն` ընտանիքներին, պանծալի եւ բարի ծառայություն` մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ եւ սեր՝ մեր մանուկ ու երիտասարդ զավակներին, օրհնություն՝ համայն հայոց կյանքին: Շնորհավոր նոր տարի: Բարի եւ օրհնյալ տարի»:




Լրահոս