Արդեն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա տոնական միջոցառումը:
Այս մասին ArmLur.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ անդադար տեղացող ձյան պայմաններում հազարավոր վառվող լույսերով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի շուրջը հավաքված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին շնորհավորել են հանրահայտ երգիչներ ու երգչուհիներ: Կեսգիշերին տոնական հետհաշվարկով մայրաքաղաքի երկինքը լուսավորվել է շքեղ հրավառութամբ, որով էլ ազդարարվել է 2016 թվականի մուտքը: Համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ գիշեր: Տոնախմբողներին միացել է նաև Ձմեռ պապը, ով մինչև հունվարի 13-ը կմնա հրապարակի շատրվանային համալիրում ժամանակավորապես տեղ գտած իր դղյակում և հատկապես փոքրիկներին բարձր տրամադրություն կպարգևի: