Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ աննախադեպ ծավալներով ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են փողոցների և մայթերի ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Ձյան շերտից ազատվում են նաև կանգառասրահների հարակից տարածքները և վերգետնյա ու ստորգետնյա հետիոտն անցումների աստիճանահարթակները:
Մեքենամեխանիզմներով ձնամաքրման աշխատանքներ են մեկնարկել նաև բակային տարածքներում: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` բոլոր տարածքները նաև մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցներից զատ, աշխատանքներին շուրջօրյա ռեժիմով շարունակում են մասնակցել նաև վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների աշխատակիցներն ու համատիրությունների ներկայացուցիչները:
Իրականացվող աշխատանքները համակարգվում և վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: