Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին:

Շուրջ երեք օր անընդմեջ տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները չեն ընդհատվել նաև տեղումների դադարից հետո: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների ընթացքին հետևել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով մոբիլիզացվել է մասնագիտացված բազմաֆունկցիոնալ ամբողջ տեխնիկական կազմը: Գլխավոր ու երկրորդական փողոցներում կուտակված ձյունը քաղաքից դուրս տեղափոխելու նպատակով աշխատանքներում ներգրավվել են նաև ամբարձիչներ:

Կամո Արեյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրը գլխավոր ու երկրորդական փողացները լիարժեք երթևեկելի պահելն է: Ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում կշարունակվեն նաև հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, զուգահեռաբար շարունակելով մաքրել նաև մայթերն ու բակային տարածքները: Վերջինի մասով լայնածավալ աշխատանքները հիմնականում կիրականացվեն համատիրությունների կողմից:

Ինչպես և նախորդող օրերին, բոլոր աշխատանքները տեղերում կհամակարգեն վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև ծառերի ճյուղերը առատ ձնից բեռնաթափելու աշխատանքներ: Վարչական շրջաններում արդեն ընթանում են շքամուտքերի աստիճանների, վերգետնյա և ստորգետնյա անցումների ու միջբակային հատվածներում առկա աստիճանահարթակների մաքրման և աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ:

Համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռքբերված պայմանավորվածության, շինարարական և մասնավոր որոշ կազմակերպություններ ևս տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների կազմակերպման հարցում: Հատկապես շոշափելի աջակցություն է ցուցաբերվում ամբարձիչների տրամադրման տեսքով, որոնց քանակը «Սանիտեք» ընկերությունում բավարար չէր՝ նման ծավալի տեղումների հետևանքները արագ վերացնելու համար:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ առաջիկա ողջ գիշերվա ընթացքում կիրականացվի նաև ճանապարհների աղ ու ավազով մշակման աշխատանքներ՝ փողոցների անցանելիությունը լիարժեք ապահովելու նպատակով: Օգտվելով առիթից, Կամո Արեյանը մեկ անգամ ևս հորդոր է հնչեցրել՝ ուղղված վարորդներին, որ երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով`անվտանգ երթևեկելու և խցանումները բացառելու համար: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև հատկանշել է որ ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ձնից մաքրվեն բոլոր փողոցներն ու մայթերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս