Եվրոպայի Խորհրդի քարտուղարությունը, մայիսի 14-15-ին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ Երեւանի “Հրազդան” հյուրանոցում կազմակերպել էր սեմինար “Ընտանեկան բռնություն” թեմայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեմինարին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Եվրոպայի Խորհրդի փորձագետներ Ֆրանչեսկո Կեռերը՝ Իտալիայից, Մարիվոն Բին Հենգը եւ Ստեֆան Շարպենտիեն՝ Ֆրանսիայից: Պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպայի Խորհրդի ոստիկանական ծրագրի ղեկավար Լաուրենտ Բրաուլիոն:
ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցում էին համայնքային ոստիկանության, պրոֆիլակտիկայի եւ անչափահասների գործերով ստորաբաժանումների 35 ծառայողներ՝ Երեւան քաղաքից եւ մարզերից:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը եւ Եվրոպայի Խորհրդի ոստիկանական ծրագրի ղեկավար Լաուրենտ Բրաուլիոն:
Երկօրյա սեմինարի ընթացքում եվրոպայի փորձագետները ներկայացրին ընտանեկան բռնությանը վերաբերող եվրոպական երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի եւ Իտալիայի փորձը, օրենսդրությունը եւ ոստիկանությունների կողմից իրականացվող աշխատանքը տվյալ բնագավառում:
Տեղի ունեցան քննարկումներ ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելու, նրանց առանձին վայրերում տեղավորելու, ինչպես նաեւ այդ բնագավառում ոստիկանության դերի եւ գործառույթների շուրջ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանեկան բռնության ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները:
Սեմինարն անցավ կառուցողական եւ փոխշահավետ քննարկումների մթոլորտում: