Գաղափարները հետապնդում են ուրացողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները, ավարտվեցին և ոչ մի անակնկալ չմատուցելով խորաթափանց, արհեստավարժ վերլուծաբաններին, շփոթ ու խուճապ առաջացնելով քաղաքագիտությունից հեռու կուսակցապետերի մոտ:
Այս ընտրությունների քաղաքական արդյունքները ՝ դրանց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանզի դրանք հստակեցրեցին 2017-2018թթ իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա – քաղաքական դաշտ -հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները: Այդ եռանկյունին ոչ այլ ինչ է, քան ցանկացած քաղաքական համակարգի հիմնակմախքը, որի բաղադրամասերի փոխհարաբերություններից է կախված երկրի զարգացումը: Եթե քաղաքական դաշտը ձևավորվում և զարգանում է ոչ թե հասարակության, այլ պետական բյուրոկրատիայի և օլիգարխիայի ազդեցությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում, հասարակության դերը նվազում է՝ ի վերջո հավասարվելով զրոյի: Քաղաքական դաշտի միջոցով հասարակությունը դառնում է պետական բյուրոկրատիայի և նրան սերտաճած օլիգարխիայի շահերի սպասավորը, հասցվելով ռուսական <<быдло>> բառով բնորոշվող ծայրահեղ բարոյազրկման աստիճանի:
Այն ինչ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում ոչ այլ ինչ է, քան պետական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք: Այստեղից բխում է, որ բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից հասարակությունը ազատելու համար անհրաժեշտ է արմատապես ձևափոխել քաղաքական դաշտ – հասարակություն փոխհարաբերությունները: Դաստիրակիչը պետք է սկզբից ինքը դաստիարակվի, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Այդպիսով մենք կազատվենք կեղծ ընդդիմադիրներին բացահայտելու մշտական գլխացավանքից, իսկ իշխանությունները՝ <<դհոլների>> ծառայություններից օգտվելու գայթակղությունից: Պետք է սահմանել հանրային վերահսկողություն քաղաքական դաշտի բոլոր դերակատարների նկատմամբ, բոլոր միջկուսակցական շփումները, բանակցությունները պետք է լինեն բաց, անցնեն ոչ թե մութ անկյուններում, սրճարաններում՝ գաղտնալսվելով հատուկ ծառայությունների կողմից, այլ քաղաքացիների աչքի առջև՝ հրապարակայնության պայմաններում: Միայն այդ դեպքում մեզանում կարող են հաստատվել Կառլ Ռայմունդ Փոփերի <<բաց հասարակության>> չափանիշները և հաղթահարվի բերիա-ստալինական <<փակ հասարակության>> ժառանգությունը: 
Երբ մեկ տարի առաջ ես նախաձեռնել էի միջկուսակցական հանրային լսումների անցկացման, իսկ հետո նաև ընտրական գործընթացների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման աշխատանքները, ինձ ոգեշնչում էր քաղաքական դաշտի նկատմամբ հանրային վերահսկողության մշտական գործուն մեխանիզմի ստեղծման գաղափարը: Ցավով պետք է արձանագրեմ, որ իմ հույսերը չարդարացան: Այն բանից հետո, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող և Միանական շտաբի հիմնադրման աշխատանքներին մասնակցած բոլոր չորս կուսակցությունները բարեհաջող հաղթահարեցին ընտրական շեմը և դիրքավորվեցին Ազգային ժողովում, շտաբի գործունեությունը դադարեցվեց, իսկ ես, ստիպված լինելով հրաժարվել պատգամավորական մանդատից , հայտնվեցի երեք շինծու դատական գործերով պատասխանողի և ամբաստանյալի կարգավիճակում: Ավաղ, ինչպես ցույց տվեցին 2013թ. ընտրությունները, դա Միասնական շտաբի կազալուծման միակ բացասական հետևանքը չէր: Միասնական շտաբին մաս կազմող չորս քաղաքական ուժերից երեքը, ոտնահարելով հանրային սպասումները, հրաժարվեցին նախագահի ընտրություններին մասնակցելուց, իսկ դրանցից երկուսը՝ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, Երևանի ավագանու ընտրություններին չկարողացան հաղթահարել ընտրական շեմը: Ձախողման պատկերն ամբողջականացավ Բարգավաճ Հայաստանի շոշափելի էլեկտորալ կորուստներով. եթե 2012 թվականի ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն Երևանում ստացել էր 124.517 ընտրողների ձայներ, ապա Երևանի ավագանու ընտրություններին՝ ընդամենը 97.189 ձայներ: ԲՀԿ –ի ձայների 28 տոկոսանոց անկումը ՝ այդ կուսակցության համար ծանր հետևանքներով հղի փաստ է: 
Երբեմնի Միասնական շտաբին մաս կազմող քաղաքական ուժերի կորուստները բացատրվում են առաջին հերթին այն բանով, որ հասարակությունը <<ոչ իշխանական կուսակցություններից>> չստացավ միասնաբար գործելու հուսալի հավաստիքներ: Ինքնուրույն ուժերով ՝ առանց մեր մասնագիտական աջակցության նրանց չհաջողվեց ձևավորել սեփական գործունեության հանրային վերահսկողության պատշաճ մեխանիզմ, որը կփարատեր հասարակության կասկածները նրանց հետագա մտադրությունների, ավագանիում միասնաբար գործելու պատրաստակամության վերաբերյալ: Իհարկե, դրան հասնելը չափազանց դժվար էր, հաշվի առնելով այն, որ Միասնական շտաբը Սերժ Սարգսյանը խեղդեց Գագիկ Ծառուկյանի ձեռքերով: 
Չեմ կարծում, որ Միասնական շտաբի գործունեության կասեցման բացասական հետևանքները կսահմանափակվեն վերոնշյալով. սպանված գաղափարները Համլետի հոր ուրվականի նման երկար են հետապնդում ուրացողներին…
Հմայակ Հովհաննիսյան 
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ
Հետգրություն
Մայիսի 16-ին առավոտյան ժամը 9:30 -ին Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասիության դատարանում կշարունակվի Հմայակ Հովհաննիսյանի դեմ դատաքննությունը: Հրավիրվում են իրավապաշտպանները, լրագրողները, բարի կամքի բոլոր մարդիկ:




Լրահոս