«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում է հայտնվել մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նշվում է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից:
Համաձայն այդ տեղեկությունների՝ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ: Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը տեղեկանա եւ համապատասխան գնահատական տա այն իրողությանը, թե ինչպես է նրա անվան տակ թաքնվելով եւ բարի վերաբերմունքն ակնկալելով՝ Քոչարյանը թալանել սեփական ժողովրդին եւ փոքրիկ երկրից միլիարդներ տարել դուրս:
«Ժողովուրդ»-ը նշված տեղեկատվությունը փորձեց ճշտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովից:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի՞նչ տեղեկություններ ունի նշված փաստաթղթի մասին:
-Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` մեզ ուղղված նամակի եւ ՌԴ նախագահի գործունեությամբ այս կերպ հետաքրքրվելու համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` փաստաթղթերի մասին, որոնք իբրեւ թե պահվում են ՌԴ գլխավոր դատախազությունում եւ կապված են նշված հաղորդագրության հետ, ուզում ենք հայտնել հետեւյալը՝ այս պահին մենք այդպիսի ինֆորմացիայի չենք տիրապետում:
-Եվ ի՞նչ է պատրաստվում անել Վ. Պուտինն այս գործով:
-ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում քրեական գործերի հետաքննությունը եւ գործունեության ստուգումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, նրանց բիզնես կապերի եւ հնարավոր կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ: Այդ հարցով ամբողջությամբ պատասխանատու է եւ զբաղվում է հետաքննական մարմինը եւ, ինչպես դուք ճիշտ նկատել եք, ՌԴ գլխավոր դատախազությունը:
Վլադիմիր Պուտինի խոսնակի պատասխանից այդպես էլ հստակ չի դառնում՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում կա՞ գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ ի՞նչ ընթացքի մեջ է: Միայն ակնհայտ է, որ ՌԴ նախագահն իր խոսնակի շուրթերով բացատրել է, որ Ռոբերտ Քոչարյանին այնքան էլ վատ չի վերաբերվում: Նա անգամ չի հետաքրքրվել՝ պարզելու՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահին հասցեագրված մեղադրանքներն իրական են, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր. «Անկեղծ ասած, մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ արդյոք արժե արձագանքել դրան, որովհետեւ այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես: Այնպիսի հարց եք տալիս, որ ես դժվարանում եմ պատասխանել, ընդամենը երկու բառ կասեմ՝ այդ տեղեկատվության հետ կապված. սա հիմարություն է եւ տխմարություն: Ես, անկեղծ ասած, Հայաստանում չէի ու տեղյակ չեմ եղել այդ տեղեկատվությանը: Ի՞նչ ասեմ, խնդրեմ, թող խոսեն, ազատ երկիր է, ով ինչ ուզում` խոսում է»:
ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ԶԲԱՂՎՈ՞ՒՄ Է ՌԴ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ