«ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐԵԱՐՏԱԳԱՂԹԻՉ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում որեւէ կուսակցության անդամակցել: Նա ցավով նշեց, որ կառավարության եւ իշխանության կազմը տեսնելով՝ համոզվում է, որ երկիրը հայաթափվում է՝ օր օրի աճող արտագաղթի «շնորհիվ»:
Նախ Սասուն Միքայելյանը շնորհավորեց Շուշիի ազատագրման օրվա առթիվ ու հիշեց. «Մենք Շուշիի Քյոսալարի բարձունքն էինք վերցնում, բարձունքը վերցնելու հետ մի արծիվ Շուշվա վրա սավառնեց: Ասի՝ տղե՛րք, հայոց արծիվը Շուշին տիրեց: Շուշին ազատագրվեց: Դրանից մեկ ժամ հետո վիրավորվել եմ: Այդ կարճ ժամանակահատվածն է եղել իմ ուրախության հատվածը»:
Լրագրողների հարցին, թե այժմ ինքը շփվում է իր մարտական ընկերների հետ, Միքայելյանն ասաց. «Կան մարդիկ, ովքեր իրոք վախենում են, ոչ թե մենակ մարտական ընկերները, այլ ընկերները, գործընկերները, պատգամավորները, որոնց հետ տարիների ընթացքում մենք շատ մտերիմ ենք եղել, այսօր վախենում են շփվել ինձ հետ կամ գաղտնի են շփվում: Հենց դժբախտությունը դրանում է»: Հարցին՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ ե՞ւս, նշեց. «Հանրապետության նախագահի հետ չեմ շփվել դեռ, որ շփվեմ` կասեմ: Մենք մարտական ընկերներ ենք եղել, մարտական ընկերները փուլային չեն լինում: Ես էլ հակառակ կողմ չեմ գնացել, ես ժողովրդի կողմն եմ գնացել, եթե ժողովուրդը հակառակ է, ուրեմն… Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էլ չեմ շփվում»:
Հարցին, թե ինչով է պայմանավորված իր մեկուսացումը, ասաց. «Ես նեղացած չեմ, ես իմ քաղաքական հայացքն ու պատկերացումն ունեմ, որը չի համընկնում իրենց հայացքին: Ես իմ տեսակետն եմ ունեցել ամբողջ կյանքս»:
Այնուհետեւ Միքայելյանն անդրադարձավ այսօր Հայաստանում տիրող ներքին եւ արտաքին իրավիճակին: Նա նշեց, որ քաղաքական դաշտում նոր ընդդիմադիր ուժ է պետք. «Ընդդիմադիր ուժերի տարած արդյունքները ժողովրդի գնահատականն են, եւ լինելով համաժողովրդական շարժման մեջ՝ խոսել եմ այդ սխալներից: Բայց դե իշխանությունն էլ հիմա կեղծիքներն էն ձեւով են տանում, որ մի քիչ դժվար է բացահայտել: Բայց որ վերցնենք 2009-ին ՀԱԿ-ը 69 հազար ձայն էր տարել, հիմա 15… իրենց սխալի արդյունքն է»: Հարցին, թե հավատում է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, եւ արդյոք նա կարող է լինել այդ նոր ուժի լիդերը, Ս. Միքայելյանն ասաց. «Տոնկիյ նամյոկ նա տոլստիյե օբստայատելստվա՞խ»:
Ըստ նրա՝ դաշտում շուտով երկու ընդդիմություն կլինի. մեկը՝ իշխանության, մյուսը՝ իրական ընդդիմություն. «Կան առողջ ուժեր, կան անհատներ քաղաքական դաշտում, որ իրոք իրենց դեմքը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է` մոտակա ժամանակահատվածում` 6 ամսվա, 1 տարվա ընթացքում, նոր ուժ կձեւավորվի: Չեմ ուզում որեւէ մեկին վարկաբեկել կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին վատ բան խոսել, բայց քանի որ այսօր Շուշիի ազատագրման օրն է, ուզում եմ զինվորական տերմինով բացատրել. ի՞նչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա հզոր զորքը թողեց, նոր սկսել է եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Դրա համար էլ արդյունքը սա էր»:
Անդրադառնալով ՀԱԿ դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանի արտահայտած այն մտքին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է, ասաց, որ դա Սուքիասյանի կարծիքն է, որը չի կիսում. «Իրա համար կարող է բարեփոխիչ է, բայց իմ կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը բարեարտագաղթիչ է: Տերն ու ծառայի պատմությունն է, դրա համար էլ էս օրն ենք ընկել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս