2015 թվականն աչքի ընկավ նաև մշակութային կարևորագույն իրադարձություններով, որոնք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: Մշակութային գրեթե բոլոր միջոցառումներն այս կամ այն կերպ կապված էին նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այդ թեմայի շրջանակներում Հայաստան այցելեցին մեծ թվով գործիչներ, ովքեր նաև նոր շունչ մտցրեցին Հայաստանի մշակութային կյանքում:
Վլադիմիր Սպիվակովի համերգը
Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը:
Քանյե Ուեսթի անակնկալ համերգը Կարապի լճում
Քարդաշյան քույրերի և Ուեսթի` Հայաստան այցի ժամանակ, գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում աշխարհահռչակ ռեփերին: Սակայն Կարապի լճում ինքնաբուխ համերգի ժամանակ երգիչն անսպասելի նետվեց ջուրը և նրան հետևեցին երկրպագուները: Այս ամենը միանգամից հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
System of a Down խմբի մենահամերգը Երևանում
Համերգների առումով ապրիլն իրոք աննախադեպ էր: Այս համերգը տեղի ունեցավ Wake Up the Souls (Արթնացնելով հոգիները) խորագիրը կրող համերգային շրջագայության շրջանակներում: Այն մեկնարկել էր Լոս Անջելեսից, ապա շարունակվել աշխարհի տարբեր երկրներում և ավարտվել Հայաստանում:
«Ոսկե Ծիրան» 12-րդ կինոփառատոն
2015-ին տեղի ունեցավ նաև «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարվա հյուրերի ցանկը բավական լայն էր. փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստան այցելեցին իտալացի կինոդերասանուհի Օռնելա Մուտին և գերմանացի կինոդերասանուհի Նաստասյա Կինսկին:
Շառլ Ազնավուրի համերգը Երևանում
Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մենահամերգը:
Սերբ ռեժիսոր-երաժիշտ Էմիր Կուստուրիցայի համերգը
Հայաստանում մշակութային տարին կարծես թե եզրափակվեց աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի հիմնադիր Էմիր Կուստուրիցայի հայաստանյան այցով: Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նրա համերգը: