Դեռեւս դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2012թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: Պարզվում է՝ հենց այս գործի շրջանակներում է օրերս Սերժ Սարգսյանը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատել, որի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր անցած ուրբաթ՝ իր 534-րդ համարում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ա. Միրզոյանը բացահայտել է, որ զինվորը ինքնասպան է եղել սպայական անձնակազմի «դրդմամբ», իսկ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը պնդել էր, որ զինվորը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ կախվել է: Այս տեսակետը Սերժ Սարգսյանի մոտ պնդել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Ո՞րն է ճշմարտությունը: «Ժողովուրդ»-ը այն պարզելու համար երեկ զրուցեց մահացած Հայկ Մովսիսյանի հոր՝ Արտավազդ Մովսիսյանի հետ, որն ասաց, թե ինքը չէր ցանկանա, որ իր որդու գործի հետ կապված՝ ՀՀ իրավապահ մարմիններն աշխատանքից հեռացվեին, քանի որ ինքը «կռիվ» ունի ԼՂՀ իրավապահ մարմինների հետ: Հայկի հայրը համոզված է, որ իր որդին սպայական անձնակազմի պատճառով է ինքնասպան եղել. «Իմ որդին միշտ դժգոհել է, շատը մորն է պատմել, որ ճնշում են իրեն»:
Ստացվում է, որ տուժող կողմը գոհ էր ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի վարած քննությունից: Պատմության մանրամասները կներկայացնենք «Ժողովուրդ»-ի առաջիկա համարում:
Ո՞Վ Է ՍՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ