7 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն արդեն ձեւավորված է. երեկ Սերժ Սարգսյանը ստորագրել է նախարարների նշանակման հրամանագիրը: Այնուհետեւ տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ավելին, նա նաեւ ելույթ է ունեցել: Միայն թե Սերժ Սարգսյանի հերթական ելույթը, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում:
«Ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով»,-հայտարարել է նա: Ս. Սարգսյանի այս պնդման հետ, իհարկե, դժվար է վիճել. իրոք, Տիգրան Սարգսյանն իր վարչապետության հինգ տարիների ընթացքում լավ հիմքեր է նախապատրաստել հետագա առաջընթացի համար: Միայն թե այդ հիմքերը եղել են մի փոքր այլ տրամաբանության մեջ. Ս. Սարգսյանի նախագահության եւ Տ. Սարգսյանի վարչապետության այս հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն այնպիսի անկում է ապրել, այնպիսի հետընթաց գրանցել, որ հիմա ցանկացած տեղաշարժ կարելի է համարել լավ առաջընթաց: Իսկ տեղաշարժն էլ հիմնականում եղել է փաստաթղթերի հիման վրա. օրինակ՝ Հայաստանում զարգացել է տրակտորաշինությունը, բանանի եւ սուրճի արտահանման ծավալներն են մեծացել եւ այլն: Ու սրանք բոլորը միայն փաստաթղթերով:
Սակայն Ս. Սարգսյանը միայն այսքանով չի սահմանափակվել: Երեկ նա հայտարարել է, թե 2012թ. կառավարությունն ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ: «Անցած տարի կառավարության առջեւ խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի»,-ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծմամբ կարելի է չափելի համարել այս աճը:
Ս. Սարգսյանի այս պնդման հետ եւս դժվար է չհամաձայնել. թվանկարչության միջոցով իշխանություններին հաջողվել է տնտեսական աճ ցույց տալ: Միայն թե նույն Ս. Սարգսյանն ինքն էլ է խոստովանում, որ այդ աճի արդյունքները ո՛չ տեսանելի են, ո՛չ էլ չափելի: Միայն Հայաստանում կարող է տնտեսությունը զգալի աճ արձանագրել, բայց ՀՀ քաղաքացիներս դա չզգանք մեր մաշկի վրա: Դեռ ավելին, մի շարք «ոլոլորտներում», ընդհակառակը, աճին զուգահեռ արձանագրվեն լրջագույն ձախողումներ: Դատե՛ք ինքներդ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը նվազել է՝ 3 հազար 363 դոլարից իջնելով 3 հազար 290 դոլարի: Այնինչ պետք է տնտեսական աճի դեպքում լիներ ճիշտ հակառակը, այլապես անհասկանալի է՝ ինչպես է երկրի տնտեսությունն աճում այն դեպքում, երբ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն նվազում է: Բացի այդ, անհասկանալի են տնտեսական աճի մասին հրապարակումները, եթե նույն 2012թ. Հայաստանում նվազել են օտարերկրյա ներդրումները, ընդ որում, դրանք նվազել են շեշտակի կերպով՝ 27,5 տոկոսով: Հայաստանում իրենց ներդրումների ծավալները նվազեցրել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ այլն: Անհասկանալի են տնտեսական աճի մասին հրապարակումները, երբ աճող ու զարգացող երկրում գնալով ավելանում է արտագաղթողների թիվը. միայն 2012թ. ՀՀ-ից արտագաղթել է 49,6 հազար ՀՀ քաղաքացի՝ 2011թ. 49,1 հազարի փոխարեն: Իսկ ընդհանրապես, վերջին հինգ տարում արտագաղթել է մոտ 180 հազար բնակիչ:
Ավելին, ընդամենը մի քանի ամիս առաջ այս նույն կառավարությունից Ս. Սարգսյանը լուրջ դժգոհություն էր հայտնել՝ կապված գնումների ոլորտում հայտնաբերված չարաշահումների, «ատկատների» հետ: «Այս առումով ես կառավարության աշխատանքը, Տիգրա՛ն, շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական: Մենք չորս տարի է՝ քեզ հետ խոսում ենք էս թեմայով, չորս տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են»,-ասել էր նա 2012թ. սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ: Օրինակները կարելի է դեռ երկար շարունակել:
Մինչ այդ նկատենք՝ չնայած այս ամենին՝ Ս. Սարգսյանը չնչին փոփոխություններով վերանշանակում է նույն կառավարությանը: Այնինչ տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը. ձախողվածները վարչապետի գլխավորությամբ պետք է վաղուց հրաժեշտ տված լինեին իրենց պաշտոններին:
Հ.Գ. Ի դեպ, տեսակետ կա, որ հատկապես վերջին փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը դարձել է եվրոպական չափանիշների համապատասխան: Թե ինչպես, մնում է կռահել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս