Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Գործընթացին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տեղերում քաղաքապետին զեկուցվել է, որ գլխավոր փողոցների մաքրմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների ու բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ: Քաղաքապետը նկատել է, որ աննախադեպ տեղումների հետևանքների վերացումն այս պահին ամենագլխավոր խնդիրն է:
«Ձյան տեղումների օրերին դրա առատությունը հաշվի առնելով, մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային երակները բաց պահելն էր, ինչը հաջողվեց: Տեղումների դադարից հետո մեզ համար գլխավորը հրապարակներից, փողոցներից, խաչմերուկներից և մայթերից ձյան շերտը մաքրելն է, դրանք որոշակի հատվածներում կուտակելն ու կուտակված ձյունը օպերատիվ քաղաքից դուրս տեղափոխելն է: Այժմ շուրջօրյա ռեժիմով հենց այդ աշխատքներն են ընթանում: Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներից արդեն ավելի քան 5000 անգամ ամբողջությամբ բեռնված բեռնատարներով ձյուն է տեղափոխվել»,- ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ բոլոր այս օրերին գլխավոր և երկրորդական փողոցների ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքները կազմակերպելու հարցում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցել են նաև Ճանապարհային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը օդերևույթաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այսինքն ավելի քան 3 օրվա ընթացքում Երևանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն:
«Օդերևույթաբանների տեղեկացմամբ վերջին 15 տարիների ընթացքում համեմատաբար առատ տեղումներ ունեցել ենք 2005 և 2009 թվականներին, սակայն ի տարբերություն այս տարվա, դրանք եղել են ընդհատումներով և ոչ այսքան առատ: Ու ըստ այդմ այս տարվա ձյան տեղումները՝ իրենց անընդհատությամբ, եղել են աննախադեպ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, որոշ կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս ներգրավվել են ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներում:
«Տեղումների առաջին իսկ օրից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված են եղել «Սանիտեք» ընկերության բոլոր 180 միավոր փողոցներ, մայթեր ու բակեր մաքրող մեծ և փոքր չափերի մասնագիտացված տարբեր մեքենամեխանիզմները: Հաշվի առնելով ձյան տեղումների անընդհատությունը, ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերությունների ավելի քան 170 միավոր տարբեր ֆունկցիոնալ
նշանակության մեծ և փոքր մեքենամեխանիզմներ: Ընդհանուրը ավելի քան 350 մեքենամեխանիզմներ են ներգրավված ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունը արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա: Հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Հարկ է նշել, որ ձյան մաքրման ու ձնահեռացման բոլոր տեսակի աշխատանքներում, այդ թվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումների ու բակային տարածքների մաքրման գործընթացում ներգրավված են մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների, կանաչապատման ձեռնարկությունների, համատիրությունների, մասնավոր կազմակերպությունների և «Սանիտեք» ընկերության ընդհանուր թվով շուրջ 1200 աշխատակիցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն