Նախօրեին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կզբաղեցնի ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Այսպիսով` խոսակցություններն այն մասին, որ այդ պաշտոնում նշանակվելու է Գագիկ Խաչատրյանը, ի չիք դարձան: Հավանաբար, Սերժ Սարգսյանն ի վերջո զգաց, որ Խաչատրյանից հանրային դժգոհությունը չափազանց մեծ է, ուստի որոշեց զերծ մնալ նման նշանակումից:
Դե, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում նա որոշեց նշանակել մի մարդու, որը 2008-ից զբաղեցնում է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այսինքն` կառավարություն է եկել Տիգրան Սարգսյանի ցանկությամբ, իսկ մինչ այդ էլ աշխատում էր նրա ղեկավարած Կենտրոնական բանկում: Այսպիսով՝ Դավիթ Սարգսյանի նշանակմամբ էլ ավելի է հաստատվում այն միտումը, որ Տիգրան Սարգսյանը դառնում է անչափ կարեւոր ֆիգուր մեր պետության մեջ: Այսինքն՝ երկրի ղեկավարն ամեն ինչ կենտրոնացնում է վարչապետի շուրջ՝ նրան դարձնելով գլխավոր խաղացողն ու գլխավոր պատասխանատուն…
Դավիթ Սարգսյանի աստղը սկսեց փայլել այն բանից հետո, երբ Տ. Սարգսյանը նշանակվեց Կենտրոնական բանկի նախագահ: Ընդամենը 37 տարեկան այս երիտասարդը հենց Տ. Սարգսյանի շնորհիվ կարողացավ իր կարիերան կերտել՝ մշտապես դասվելով սարգսյանական թիմի ներկայացուցիչների շարքին: Նա 1999թ. ավարտել է Պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետն ու ստացել տնտեսագետի որակավորում: Բանակում չի ծառայել, որովհետեւ 1999-2002թթ. սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում, դարձել տնտեսագիտության թեկնածու: Դեռեւս ուսանող՝ աշխատանքի է անցել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում եւ զբաղեցրել պետական կառավարման վարչության առաջատար մասնագետի պաշտոնը: Կարելի է ենթադրել, թե ինչպես է նա հայտնվել այս համակարգում, ինչպես է, լիարժեք կրթություն չունենալով, դարձել առաջին կարգի մասնագետ: Ոմանք պնդում են, որ այս հարցում եղել է Տ. Սարգսյանի «դաբրոն», քանի որ ԿԲ նախագահն արդեն իսկ սերտ հարաբերություններ է ունեցել Դ. Սարգսյանի ընտանիքի հետ, եւ ազգանունների նույնությունն այս դեպքում այնքան էլ պատահական չէ… ի վերջո, Դ. Սարգսյանը Տ. Սարգսյանի սանիկն է:
Եթե Դ. Սարգսյանը հզոր հովանավորներ չունենար, հազիվ թե դարձյալ ուսանող՝ նշանակվեր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ: Ի՜նչ ողորմելի վիճակում պետք է լիներ Հայաստանը, որ բարձրագույն կրթությամբ բազմաթիվ մասնագետներ ունենալով՝ ուսանողին էր դարձնում գլխավոր մասնագետ: Բայց, բնականաբար, այս դեպքում կարեւորը Տ. Սարգսյանի եւ ոմանց հովանավորչությունն էր…
2001թ., դեռեւս ասպիրանտ, Դ. Սարգսյանը նշանակվել է Սեւծովյան առեւտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալ: Բախտդ սիրեմ, քա՛ջ Նազար՝ կասեին բազմաթիվ հայաստանցի բարձրակարգ մասնագետներ, որոնք տարիներ շարունակ աշխատանք էին որոնում:
Դ. Սարգսյանի «ֆենոմենի» բացատրությունը տեսնում ենք դեռեւս 1999թ. նրա մի նշանակման մեջ՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ: Որքան հրապուրված պիտի լիներ Տ. Սարգսյանն այս երիտասարդով, որ հիմնական կրթություն չունեցող մեկին արդեն տաներ պաշտոնական այդպիսի ընթացքով: Ընդ որում, Դ. Սարգսյանը կարող էր լինել ե՛ւ ԿԲ նախագահի խորհրդական-օգնական, ե՛ւ միաժամանակ պաշտոններ զբաղեցնել այլ կառույցներում: 2002թ. նա նշանակվել է ՀՀ ԿԲ բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ: Գրեթե աշխատափորձ չունեցող մարդը նշանակվում էր չափազանց պատասխանատու պաշտոնում, ու ԿԲ նախագահը բնավ չէր մտածում, որ այսպես կասկածի տակ էր առնում ԿԲ գործունեության մի շարք միտումներ: Դ. Սարգսյանի բախտն իսկապես բերել էր ոչ միայն այն առումով, որ նա նշանակվել էր անչափ կարեւոր բաժնի պետ, այլեւ որ միաժամանակ համատեղում էր մի քանի պաշտոն` հանդիսանալով նաեւ Այսրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղար: Ասել կուզի, որ ողջ Հայաստանի ֆինանսական դաշտում, նրանից բացի, մեկ այլ մարդ չկար…
Նշանակվելով վարչապետ՝ Տ. Սարգսյանն անմիջապես իր հետ կառավարություն տարավ Դ. Սարգսյանին՝ չկամենալով երբեւէ բաժանվել նրանից: Ասենք, որ Տ. Սարգսյանը հաճախ է Դ. Սարգսյանին իր հետ տարել արտասահմանյան ուղեւորությունների, միջազգային նշանակության հանդիպումների: Այն տպավորությունն է, որ վարչապետը քնել ու զարթնել եւ միայն Դ. Սարգսյանին է տեսել… Իսկ Դ. Սարգսյանն էլ վատ չի զգացել, քանի որ այդպես աստիճանաբար բարձրացել է պաշտոնական աստիճաններով. այժմ էլ ֆինանսների նախարար է:
Ի դեպ, 2008թ. վերջերին նորանշանակ նախարարի քավորը ձեռնամուխ եղավ, որպեսզի ԱԺ-ն ընդուներ կառավարության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենք: «Ժողովուրդ»-ը դեռ 2 տարի առաջ էր գրել, որ ստեղծված առանձին գերատեսչության ղեկավարը Դ. Սարգսյանի կինն է` Փիրուզ Սարգսյանը: Ու դատելով այդ կառույցի ոչինչ չասող գործունեությունից` կարելի է ենթադրել, որ Տ. Սարգսյանը հատուկ պաշտոն է ստեղծել, որպեսզի սիրելի Դ. Սարգսյանի կինը բարձր պաշտոն ունենա` համապատասխան բարձր վարձատրությամբ: Նշենք, որ մինչեւ ֆինանսական հաշտարար դառնալը, տիկին Փիրուզն աշխատել է ՀՀ ԿԲ-ում: Իսկ երբ նրա ամուսինը դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար, Փիրուզը եւս «լավ պաշտոն» ստացավ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ՝ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ՍԱՆԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ