Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնն ուշագրավ հայտարարություն է արել. «Շատ եվրոպական երկրներում տրանսպորտային միջոցների տրամադրումն ընտրողներին նրանց ընտրամաս բերելու նպատակով ոչ հազվադեպ երեւույթ է: Իմ երկրում բազմաթիվ ընտրողներ կընտրեն ոչ իրենց համակիր կուսակցության կողմից առաջարկվող տրանսպորտային միջոցը քվեարկության գնալու համար, որպեսզի այդ օրը կարողանան իրենց միջոցները տնտեսել»:
ՀԱՐՑ. Ա՞յս Եվրոպան ենք մենք պատկերացնում եւ այդպիսի՞ արժեքներ պիտի որդեգրենք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ այդ եվրոպացին եւս շատ տարտամ ու մակերեսային պատկերացում ունի ներհայաստանյան իրականության վերաբերյալ: Իսկ ընդհանրապես, մեր ներքին հարցերը, մեր իսկ ունեցած փաստական տվյալների հիմքի վրա, պետք է ինքներս գնահատենք եւ ըստ այդմ եզրահանգում կատարենք ու որոշում կայացնենք: Օտարների գնահատման չափանիշները միշտ հենվում են որոշակի շահերի վրա, եւ դա բնական է: Իսկ ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին, ապա արեւմտյան արժեքային համակարգը, այժմ լինելով ժողովուրդների համար ամենանախընտրելին, միաժամանակ այդ համակարգի վերջին տասը-տասնհինգ տարիների «զարգացումները», մասնավորապես մարդու ազատության եւ իրավունքների բնագավառում, կարծում եմ, սկսել են ստանալ անվերապահ բացարձականացման, իսկ որոշակի հարցերում էլ՝ նույնիսկ հակաբնական բնույթ: Այնպես որ, երբ Հայաստանը հայտարարում է, որ եվրոպական արժեքների ջատագով է, ապա նրա անունից հանդես եկողները դա չպետք է անպայման հասկանան, որ այդ արժեքները Բարձրյալի անքննելի եւ անբեկանելի պատգամներ են: Հայաստանը պետք է իրեն զերծ պահի հակաբնական եւ գաղափարաբանորեն բացարձականացվող դրույթներից՝ ելնելով հայ ժողովրդի բնական եւ քրիստոնեական բարոյականության ներկա եւ ավանդական հասկացողությունից եւ որեւէ արժեքի բացարձականացման անընդունելիությունից:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ մեր պատկերացումների Եվրոպան եւ ռեալ կյանքով ապրող Եվրոպան իրարից շատ են տարբերվում: Իհարկե, այնտեղ այդպիսի աղաղակող խախտումներ թույլ չեն տրվում, բայց վիճակն իդեալական չէ, եւ այդ իսկ պատճառով հազար ու մի պրոբլեմ է ծագում իրենց մոտ: Այսօր աշխարհում, իհարկե, ժողովրդավարություն շատ ու շատ երկրներում կա: Այնպես որ, պետք է փորձենք մեր երկրում իրավիճակ փոխել՝ առանց սրան կամ նրան նայելու:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ