Գյուղի մեծերը եկեղեցու բակում խարույկ են վառել, շուրջը նստել ու պատմություններ պատմել. Սուրբ Ծննդյան ինչ ավանդույթներ են պահպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Ծնունդը հայ ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած, հայերը նշել են այն և բազմաթիվ ավանդույթներ կապել տոնի հետ:

Հնում գյուղացիները, վերցնելով իրենց երեխաներին, գնում էին մոտակա սրբավայրեր, մոմ վառում, աղոթում, իսկ տուն վերադառնալիս ծառերի վրա կապում իրենց թաշկինակները՝ հուսալով այնտեղ թողնել ամեն տեսակ հիվանդություն և նեղություն: Վերադարձի ճանապարհին ընդունված է եղել նաև սար բարձրանալ և մեծ, կլոր քարեր գլորել ետ, որպեսզի հիվանդությունները հեռանան:

Ծննդյան տոնին նախորդող գիշերը` Հունվարի 5-ի երեկոյան, քրիստոնյաները գնացել են եկեղեցի՝ մասնակցելու Ճրագալույցի Պատարագին: Եկեղեցում խորանի վրա վառվող մեծ ջահից ամեն մեկը վառել է իր մոմը և ծածկած լապտերով զգուշորեն կրակը տարել տուն` իր օջախ բերելով Աստուծոյ Ծննդյան լույսը:

Պատարագի ավարտից հետո տոնական տրամադրությունը, երգն ու պարը փոխանցվում էր եկեղեցու պատերից դուրս` դեպի դաշտերը, տների տանիքները, բակերը, հրապարակները: Այստեղ տիրում եր ուրախ տրամադրությունն ու հայկական կլոր պարը` յայլի կամ գյովընդ:

Ջավախքում մի այսպիսի սովորություն կար` եկեղեցու բակում մեծ խարույկ են վառել և շուրջը նստել գյուղի տարիքով մեծերն ու պատմություններ պատմել, իսկ երիտասարդները՝ շուրջպար բռնելով, Ավետիսներ (Քրիստոսի Ծննդյան երգեր) են երգել:

Բացի եկեղեցու ծիսական Ավետիսներից, ժողովրդի մեջ տարածում էին ստացել ժողովրդական Ավետիսները, որոնցից մի քանիսը հետագայում մտան եկեղեցական ծեսի մեջ: Այս երգերի գլխավոր կերպարն է Մարիամ Աստվածածինը: Ժողովրդական տարբերակներում հայտնվում են նաեւ Հովսեփի (Հիսուսի հոր), Սիմէոն ծերունու, Հովհաննես Մկրտչի և նրա մոր՝ Եղիսաբեթի կերպարները:

Հունվարի 6-ին առավոտյան մարդիկ դուրս են եկել տնից նոր զգեստներով և ողջունել միմյանց հետևյալ կերպ.

– Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս՝ լսելով ի պատասխան.
– Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի:




Լրահոս