ՀԱՐՑ. Մոտ մեկ ամիս առաջ քրոջս ամուսինը ենթարկվել է սրտի վիրահատության սոցիալական փաթեթի շրջանակներում: Վիրահատության համար վճարվել է 2 մլն 500 հազ. դրամ, որը կատարել է ապահովագրական ընկերությունը՝ «Ինգո Արմենիա»-ն: Վիրահատությունից հետո սովորաբար առաջանում են հետվիրահատական բազմաթիվ ծախսեր, որոնք կատարվում են քաղաքացու հաշվին: Ցանկանում ենք պարզել՝ հետվիրահատական ծախսերն ապահովագրական ընկերությո՞ւնը պետք է հատուցի, թե՞ հիվանդը: Տեղյակ ենք, որ «Ռեսո» ընկերությունը հատուցում է բոլոր ծախսերը՝ թե՛ վիրահատության, թե՛ հետվիրահատական:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գայանե Բալասանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնենք, որ ընդհանրապես նշված պայմանագրով հետվիրահատական բուժում չի նախատեսվում: Պայմանագրի մեջ մտնում են վիրահատությունը եւ բուժկենտրոնում կատարված ծախսերը: Այլ ապահովագրական ընկերությունների մասին ես ոչինչ ասել չեմ կարող, բայց տեղյակ եմ, որ բոլոր ապահովագրական ընկերությունների բազային փաթեթը նույնն է, եւ հետվիրահատական ծախսեր պայմանագրով չեն նախատեսվում: «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը նույնպես հետվիրահատական ծախսերը չի փոխհատուցում:
ընկերության աշխատակից Լիլիթ Գեւորգյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, չէ՞. ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները նախ շատ հրապուրիչ պայմաններ են առաջարկում եւ այդ կերպ գաղթակղում քաղաքացիներին, իսկ վիրահատությունից հետո առաջացած մի շարք ծախսեր թողնում խեղճ ու կրակ հիվանդի վրա: Մնում է, որ ծանր վիրահատություն տարած հիվանդն ու նրա հարազատները մխիթարվեն իրողությամբ, որ հիմնական ծախսն ապահովագրական ընկերության միջոցով է կատարվել: