“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հիման վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում.
“Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն` տեւական ժամանակ, ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որեւէ խոսք չասելով եւ ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ` հակիրճ հայտարարությամբ: Ծառուկյանը դա արեց` ապացուցելով, որ ի հեճուկս իր` ապաքաղաքական լինելու մասին գնահատականների, ինքը շատ ավելի ողջամիտ ու հաշվարկող քաղաքական գործիչ է, քան քաղաքական ռահվիրա համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ծառուկյանը երբեք չէր հայտարարել, որ պատրաստվում է ընդդիմադիր դառնալ կամ կազմաքանդել ավազակապետությունը: Դա հայտարարում էր (է) Լեւոն Տեր-Պետրոսյանը` վերջին բոլոր ընտրություններից առաջ եւ հետո: Այդ ընթացքում, գուցե նաեւ դրա շնորհիվ, Գագիկ Ծառուկյանը կարողացավ սեփական կուսակցությունը դարձնել խորհրդարանում ներկայացված երկրորդ խմբակցությունը, զբաղեցնել երկրորդ տեղը Երեւանի ավագանու ընտրություններում` դա խորհրդանշելով`սեփական եկեղեցու բացման արարողությանը, ինչպես ինքը հայտարարեց, բոլորին միավորելով ու համախմբելով:
Գաղավարական, սկզբունքային քաղաքականության տեսանկյունից գուցե Գագիկ Ծառուկյանի գործունեությունն այնքան էլ ազնիվ չէ: Սակայն, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել, արժեքները, սկզբունքներն ու քաղաքականությունը միանգամայն տարբեր կատեգորիաներ են, եւ ինքը “բացարձակ պրագմատիզմի” կողմնակիցն է: Ու հենց ,”բացարձակ պրագմատիզմի” տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց իր գերազանցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Քաղաքական գերազանցությունը”,- գրում է “168 ժամը”: