Համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով համայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը հանրապետությունում համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է աշխատանքները: Նախարարի հանձնարարությամբ ձևավորված խմբի անդամները նախատոնական և տոնական օրերին վաղ առավոտից համայցեր են իրականացնում տարբեր բժշկական կազմակերպություններ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների հետ այսօր այցելեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և «Արաբկիր» բժշկական համալիր:

Նախարարը զրուցեց բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ: Եղավ ընդունարանում և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում: Հետաքրքրվեց հիվանդների բուժման ընթացքով: Կարևորեց գոյացող հերթերի կանոնակարգման գործընթացը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս պահին անհանգստության որևէ առիթ չկա: Նա հսստակեցրեց, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, այլ պարզապես առկա է սեզոնային գրիպի բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերին շփումների ակտիվացմամբ:

«Այս աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է արագ, օպերատիվ արձագանքման խումբ, որն օրական երկու անգամ անցկացնում է խորհրդակցություններ, այցելում բժշկական հաստատություններ»,-նշեց նախարարն` հավելելով, որ իրականացվող աշխատանքներում օրակարգային է նաև հասանելիության ապահովման հարցը:

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ շտապօգնության ծառայության և ՀՀ ՏԿԱԻՆ հետ համատեղ մասնագետներին հաջողվել է հաղթահարել ճանապարհի դժվարանցանելի հատվածները և կազմակերպել հինգ հիվանդների տեղափոխում:

«Մենք հորդորում ենք ինքնաբուժությամբ չզբաղվել և հնարավորինս շուտ դիմել բժշկական օգնության», – ընդգծեց նախարարը:

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ համաճարակաբանական վիճակը վերահսկելի է և կառավարելի, բժշկական կազմակերպություններն Երևանում և մարզերում ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:




Լրահոս