Երեկ՝ մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Լոռու մարզի Աղնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանն էր, ով վնասվածքը ստացել էր կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող-ծակող առարկայի հարվածից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող “Գանձակ” սուպերմարկետի մոտ և այն կատարել է Տիգրան Մելիքյանը, ով աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես էկոլոգիայի տեսուչ: Իսկ սպանվածը աշխատում էր Մոտկորի անտառապետ, ով ի դեպ հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին էր: Տ. Մելիքյանը սպանությունը կատարելուց հետո դիմել է փախուստի: