ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այսօր կեսգիշերին Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով:
Նշենք, որ կրակոցների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ անձ մահացել է, մեկը՝ վիրավորվել: Վիրավորը Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանն է, ով այս պահին գտնվում է թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ-ից: Համալսարանական հիվանդանոցից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ա. Խլղաթյանը հրազենային վիրավորում է ստացել ձախ ազդրի շրջանում, վիճակը բավարար է: Հրազենային վիրավորումից մահացել է նույն համայնքի ղեկավար 22-ամյա Արամ Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ հնչել են կրակոցները: Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: