ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կեսգիշերին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում՝ «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում: Արդյունքում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող հյուրանոցային համալիրում մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Եվ այսպես, ArmLur.am-ը ՀՀ քննրական կոմիտեից տեղեկանում է, որ պարզվել է զինված միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ:
2016թ. հունվարի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդ` մահացու հրազենային վնասվածքով: Պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով` հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում առերեւույթ հանցագործություն կատարած անձը երկու և ավելի անձանց ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հարզենով դիտավորությամբ կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի և Արմեն Խլղաթյանի (Տարոնիկ գյուղի գյուղապետ) ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները` նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Լուսանկարում` դեպքի վայր հանդիսացող հյուրանոցային համալիրը: