Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, մայիսի 15-ին, գումարվել է Գարեգին Բ կաթողիկոսի կողմից ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ժողովին զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների առաջարկություններ ներկայացնող հանձնաժողովի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է թվով 23 առաջարկ, որոնք վերաբերում էին ինչպես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստման, այնպես էլ իրականացման աշխատանքներին:
Ժողովի ներկայացուցիչները, հանգամանորեն քննարկելով առաջարկությունները, ամբողջացրել են դրանք` ներկայացնելու համար Գարեգին Բ-ի վավերացմանը: