Հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Երկու երկրների միջև հարաբերությունների խզման պատճառ հանդիսացավ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը. ցուցարարներն այրեցին դիվանագիտական ներկայացուցչության շենքն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա քարոզիչ Նիմ ալ-Նիմրը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտը շարունակվում է սրվել: Ողջ աշխարհը հետևում է իսլամական աշխարհի 2 խոշոր պետությունների միջև ծագած կոնֆլիկտին: Արձագանքում են համաշխարհային առաջատար լրատվամիջոցները:
Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան «թատրոնի են վերածել» դիվանագիտական հաբարերությունները, սակայն իրականում այդ պետությունները միմյանց կարիքն ունեն: Պարբերականը հիշեցնում է, որ սկսած 1929թ.-ից Էր Ռիյադն ու Թեհրանը պրակտիկորեն խզեցին դիվանագիտական հաբարերությունները: Ընդ որում, ինչպես նշում է The Guardian-ը, քաղաքական թատերաբեմում Թեհրանի գործողությունները ցույց տվեցին, որ այս անգամ Իրանը նման կոշտ դիրքորոշում չէր ակնկալում Սաուդյան Արաբիայի հետ կոնֆլիկտում: Պարբերականի կարծիքով՝ սա «հարված էր երեսին» Թեհրանի համար:
Գերմանական Der Spiegel-ը հիշեցնում է, որ երկու երկրների միջև հաբարերությունները լարված են մոտ 40 տարի, և կոնֆլիկտը կարող է լուծվել, եթե կողմերը կոմպրոմիսի գան:
Արաբական Al Jazeera հեռուստաալիքը պատմում է, թե որտեղ և ինչպես բախվեցին 2 երկրների շահերը: Հեռուստաալիքը հիշեցնում է, որ նույն Եմենում Սաուդյան Արաբիան զինած օպերացիա է վարում շիա ապստամբների դեմ, ովքեր աջակցում են Իրանին:
Իր հերթին The New York Times-ը հաստատում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների շրջադարձը, սակայն դեռևս նախընտրում է կոշտ հայտարարություններով հանդես չգալ Էր Ռիյադի հասցեին: Պարբերականը հիշեցնում է, որ վտանգված է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:
Կոնֆլիկտին է անդրադառնում նաև պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը հայտնում է Կրեմլի՝ մերձարևելյան երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամության մասին:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտը վեջին 30 տարվա ընթացքում ամենախոշորը դարձավ: 1987թ. Մեքքայում իրանցի ուխտավորները բախվեցին Սաուդյան Արաբիայի ոստիկանության հետ: Անկարգությունների արդյունքում 400 մարդ զոհվեց: Ի պատասխան՝ զանգվածային ցույցեր տեղի ունեցան Թեհրանում, որոնց մասնակիցները թալանեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: 1988թ. երկու երկրների միջև հարաբերությունները խզվեցին: Դրանք վերականգնվեցին միայն 3 տարի անց: 2000թ. նոր կոնֆլիկտի պատճառ հանդիսացավ Իրանի միջուկային ծրագիրը: Իրանի ղեկավարությանը երկար ժամանակ մեղադրում էին միջուկային զենք ստանալու ցանկության մեջ: 2015թ. համաձայնագիր կնքվեց, որի պայմանների համաձայն՝ Իրանը աշխատանքներ կանցկացնի միջուկային կենտրոններում՝ միջազային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան