ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության 35 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները հանրապետության տասը մարզերում շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով:
Գործի են դրվել համապատասխան բոլոր մեքենա-մեխանիզմները, ամբողջ բանվորական աշխատուժը: Չնայած եղանակային դժվարություններին, ճանապարհաշինարարներն արել են հնարավորինը, որպեսզի ավտոճանապարհները լինեն երթևեկելի: Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը ապահովելուց հետո ճանշինների աշխատակիցներն իրականացրել են նաև կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասերի լայնացման աշխատանքներ:
Հունվարի 7-ի դրությամբ հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց և երթևեկելի են։
Սաստիկ բքի և ուժեղ մառախուղի պատճառով շարունակում են փակ մնալ միայն Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ (010)56-25-33 հեռախոսահամարով, որով քաղաքացիները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ տվյալ պահին միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ: