Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կաշառք տալու պատրվակով Մ.Թովմասյանի կողմից ուրիշի գույքը խարդախության եղանակով հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Է.Քոչարյանին փաստացի պատկանող վրացական պետհամարանիշով Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի` գողացված լինելու վերաբերյալ իբր ոստիկանությունում առկա գործին ընթացք չտալու համար ոստիկանին կաշառք տալու պատճառաբանությամբ Մ.Թովմասյանը Է.Քոչարյանից պահանջել է խոշոր չափի գումար:
Նախաքննության տվյալներով` ոչ մի տեղ չաշխատող Մ.Թովմասյանը 2012թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 5-ին նրանից համապատասխանաբար ստացել է 2000 ԱՄՆ դոլար և 600 000 ՀՀ դրամ գումար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ.Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: