Դատարանը մերժեց Բարեվ Երեվան-ի ներկայացուցչի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 16-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա  Հակոբյանի նախագահությամբ, մերժել է “Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
 
Հայցվորը դատարան էր դիմել ԿԸՀ-ի` մայիսի 11-ի թիվ 107-Ա որոշումը վերացնելու և Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ “Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի կողմից Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ԿԸՀ ներկայացված դիմումի քննարկումը պարտավորեցնելու պահանջով: Դատաքննությունը կայացել էր մայիսի 14-ին:
 
ԿԸՀ-ն մայիսի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ մերժել էր Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Լ.Պետրոսյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Որպես հիմնավորում ԿԸՀ-ն նշել էր, որ դիմումը չի կարող համարվել դաշինքի կողմից ներկայացված, քանի որ  դիմումին կից ներկայացված չէ դաշինքի անդամ 4 կուսակցությունների անունից տրված լիազորագիր, այլ ներկայացված է “որևէ տեքստ չպարունակող և դիմումի մաս չկազմող թղթի վրա դաշինքի անդամ կուսակցությունների դրոշմումը՝  կից անհայտ ստորագրություններով”:
 
Հայցվորը, ի հակառակ ԿԸՀ-ի հիմնավորման, գտնում է, որ.  “Ներկայացված դիմումը, պարունակելով և “Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի լիազորագրի պատճենը, և դաշինքի կուսակցությունների իրավասու պաշտոնատար անձանց ոչ միայն ստորագրությունները, այլև կնիքները, լիովին և կատարելապես բավարարել է վարչական վարույթի համար դիմումին ներկայացվող բոլոր պահանջները”:
 
 
Փաստինֆո




Լրահոս