2015 թվականը կարելի է ձախողված համարել հատկապես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի առումով, քանի որ երկու հակահայկական բանաձև է ընդունվել ձմեռային նստաշրջանի օրակարգ, որը տեղի կունենա այս ամսին և պարզ կդառնա` բանաձևը կընդունվի, թե ոչ;
Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը
Նշենք, որ դեռևս 2014թ. հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարական հարցերի հանձնաժողովը հանձնարարել էր իր ադրբեջանամետ մոտեցումներով հայտնի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին զեկույց պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Զեկույցում հղում է արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւին և պահանջվում է հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից:
Սարսանգի ջրամբարի հարցը նախագծի տեսքով ևս մտել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ։ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովն է հավանություն տվել զեկույցին, իսկ հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Մարկովիչը, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, Լեռնային Ղարաբաղ չի այցելել, թեև Ղարաբաղի իշխանությունները, ի տարբերություն բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի, նրա հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել էին;
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած հեղինակը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետևանքով կարող են մեծ մարդկային կորուստներ լինել: Մարկովիչն ընդգծում է նաև, որ ջրամբարը գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», և որ դրա՝ ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:
Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող զեկույցը նաև պահանջում է այդ շրջաններից դուրս բերել հայկական զինված ուժերը, հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման խողովակները։
Ուոլթերի պատրաստած զեկույցը բավական արձագանք է ունեցել: Հայաստան այցի ժամանակ այդ զեկույցին արձագանքել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ինչ խոսք, այց արձագանքներն անչափ կարևոր են, սակայն ավելի կարևոր է հայկական դիվանագիտությունը: Մնում է, որ այսպիսի քաղաքական աջակցություն ստանալուց հետո հայկական դիվանագիտությունը կարողանա մինչեւ հունվար արդյունավետ աշխատանք տանել` ներազդելու համար այս ամոթալի զեկույցների քվեարկության արդյունքների վրա: