Պոլիկլինիկաների անգործության հետևանքով բուժկենտրոններում գերծանրաբեռնված վիճակ է. ո՞վ է պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է, որ առողջապահության նախարարությունում գրիպի տարածման ժամանակ տիրում է այն նույն վիճակը, ինչ Երևանի քաղաքապետարում լինում է ձյան գալուն պես. երկու գերատեսչություններում էլ անակնկալի են գալիս:

Վերջին շրջանում հանրության կողմից ամենաշատ քննարկվող և մտահոգիչ թեման գրիպի և սուր-շնչառական վարակների արագ տարածումն է: Ինչպես հայտնի է՝ այս օրերին H1N1 տեսակի վարակը (խոզի գրեպ) տարածվում է նաև Հայաստանում: Եվ արդեն մի քանի օր է՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է գրիպի նախանշանների դեպքում ինքնաբուժում չանել և շտապ դիմել բժշկի:

Եվ մինչ նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Մուրադյանի նման կոչ-հորդորներով է հանդես գալիս՝ ArmLur.am-ի խմբագրություն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ մտահոգություններով, որ բուժկենտրոններում գերծանրաբեռնված վիճակ է. շատերին, անգամ, միջանցքներում են սպասարկում: Նմանատիպ պատկեր է արձանագրվել ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության մի շարք բնակավայրերի բուժհաստատույթուններում: ArmLur.am-ի թղթակիցը, օրինակ, «Վաղարշապատի» ԲԿ-ից այսօր հայտնեց, որ այստեղ հիվանդները մի քանի ժամ շարունակ սպասել են բուժզննում անցնելու իրենց հերթին:

Գնալով ստեղծված իրավիճակի հետքերով՝ ArmLur.am-ը պարզեց, որ այս օրերին հանրապետությունում պոլիկլինիկաները գրեթե չեն աշխատել, լավագույն դեպքում՝ աշխատել են միայն ժամը 09:00-14:00-ն: Եվ հենց սրա արդյունքն է, որ  հանրապետության գրեթե բոլոր հիվանդանոցներում գերծանրաբեռնված վիճակ է ստեղծվել:

Իսկ Արաբկիրի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներում արդեն երեխաներին չեն ընդունում տեղ չլինելու պատճառով: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ պոլիկլինիկաների նման գործելաոճը պայմանավորված է նախորդ տարվա անպատասխանատվությամբ: Բանն այն է, որ նախկինում հունվարյան տոներին ինտենսիվ աշխատելուց հետո պոլիկլինիկայի աշխատակիցները հավելյալ չեն վճարվել, ինչի հետևանքով էլ այսօր այսպիսի տխուր պատկեր ունենք: Ո՞ր կառույցն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար. արդյո՞ք առողջապահության նախարարության ցուցումները տեղական ինքնակառավարման մարմինները չեն կատարել, թե՞ նախարարությունն է թերացել:

Հարցերն այսքանով չեն ավարտվում: Պարզվում է՝ մինչ ԱՆ-ն խորհուրդ է տալիս հիվանդներին ընդունել «Տամիֆլյու» կոչվող դեղամիջոցը, մարդիկ, անկախ իրենց կամքից, խորհրդին հետևել չեն կարողանում: Պատճառը շատ պարզ է: Նշված տեղամիջոցը հասարակ մահկանացուներին հասանելի չէ, քանի որ այն ո՛չ ավել, ո՛չ պակաս 19 հազար 800 դրամ արժե: Ավելին, վաճառվում է միայն Երևանում, այն էլ՝ հատուկ ընտրված դեղատանը: Այստեղ ևս հարց է առաջանում՝ ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախորդ տարիների փորձին հետևելով՝ քաղաքացիներին դեղամիջոցն անվճար տրամադրել, կամ ցրել մյուս դեղատներում:

Այժմ ողջ հանրապետությունում H1N1 տեսակի վարակը ախտորոշող միակ հաստատության մասին… Մեզ դիմած քաղաքացիներից մեկը հայտնեց, որ լաբորատորիան մինչև երեկ, մեղմ ասած, պատշաճ չի աշխատել: Բուժհաստատություններում H1N1 տեսակի գրիպի ախտորոշում, հավանաբար, տրվել է մոտավոր կերպով՝ դատելով հիվանդի տեսքից ու գանգատներից: Խոսքը Ավան վարչական շրջանում տեղակայված ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիայի մասին է, որը, ինչպես նշեցինք, որպես այդպիսին միակն է Հայաստանում:

Նշված հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ առողջապահության նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պոլիկլինիկաների անգործության մասով պարզաբանեց, թե դրանք գտնվում են քաղաքապետարանի վերահսկողության տակ, ուստի նախարարությունը որևէ իրավասություն չունի ցուցումներ տալու: Այնպիսի տպավորություն է, որ պոլիկլինիկաներին քաղաքապետարնները պետք է հրահանգեն՝ որ հիվանդությունների դեպքում ինչպես աշխատել: Հավանաբար, նախարարությունը այս 7 օրվա ընթացքում հասկացավ իր սխալը, և այսօր արդեն նախարարը հայտնեց, որ  այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը ժամը 10-17-ը։

Մեր զրուցակիցը դժվարացավ մեկնաբանել պոլիկլինիկայի աշխատակիցների՝ ըստ արժանվույն չվարձատրելու փաստը՝ նշելով, որ նախարարությունը նման մտահոգությունների մասին դիմումներ չի ստացել:

Իսկ «Տամիֆլյու» դեղամիջոցի և լաբորատորիայի անգործության վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիաննա Թորոսյանը: Այսպես, ըստ Լ. Թորոսյանի ներկայացրածի՝  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիան գործել է ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ ամեն օր. «Տոնական բոլոր օրերին լաբորատորիան աշխատել է: Եվ մինչ այս եղած բոլոր դեպքերը լաբորատորիայի ցուցումների արդյունքն են»: Մեր հարցին՝ երեկ և այսօր հիվանդների թվի աճ է գրանցվե՞լ, արդյոք սա կապված է լաբորատորիայի գործելաոճի փոփոխության հետ, Լիաննա Թորոսյանը բացասական պատասխան տվեց. «Բոլոր անդամ երկրներն աշխատում են նման չափորոշիչներով: Նույն կերպ էլ մենք ենք աշխատում»:

Դեղորայքի անվճար տրամադրման խնդրահարույց հարցը ստացավ հետևյալ պատասխանը՝ դա կախված է հիվանդի կլինիկական վիճակից. «Եթե բժիշկը գտնում է, որ հիվանդին անհրաժեշտ է հակավիրուսայինը, նշանակում  է այն: Նշանակելու դեպքում հիվանդանոցը այն հիվանդին տրամադրում է անվճար: Այս պահին Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ քանակությամբ «Տամիֆլյու»: Բուժկանխարգելիչ հաստատությունը հայտ է ներկայացնում, նախարարի հրամանով այն տրվում է: Սակայն պաշարը լրացնելու հավանականություն ևս կա»:

Հ.Գ. Թեև նախարարությունից պնդում են, որ անհրաժեշտութան դեպքում անվճար կանխարգելիչ դեղամիջոց է տրամադրվում, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կա՛մ գնում է անձնական միջոցներով, կա՛մ չունենալով դրանք՝ հրաժարվում բուժման այս տեսակից: Ի դեպ, ArmLur.am-ը ահազանգերից տեղեկացավ, որ մայրաքաղաք Երևանի շատ պոլիկլինիկաներում եթե նույնիսկ բժիշկները աշխատանքի են ժամանել, չեն ունեցել դեղատոմսի հիման վրա դեղահաբեր դուրս գրելու իրավական հիմքեր, քանի որ պոլիկլինիկաների տնօերնները կամ փոխտնօրեններն իրնց հետ տարել են կնիքները կամ իրենք են գտնվել երկրից դուրս՝ հնարավորություն չտալով փաստաթղթեր կնքել:

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով չկարողացավ ապահովել մայրաքաղաքի ձնամաքրման տարրական աշխատանքները, տապալեց նաև իր վերահսկողության տակ գտնվող պոլիկլինիկաների գործունեությունը: Իսկ առողջապահության նախարարն, ինչպես միշտ, առողջապահության ոլորտի պատասխանատվությունը փորձում է բարդել ուրիշների վրա, և, որպես հետևանք, ունենք հետևյալ պատկերը՝ հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, իսկ 18 հոգու մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վարակ:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս