ՆՐԱՆՑ ԱՌԱՏՈՐԵՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ական Պավլիկ Մանուկյանն օրերս ամենասուր քննադատության ենթարկեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը: Եվ սա այն դեպքում, երբ նույն Պավլիկին ՀՅԴ-ն բավական «սուր» հայտարարությամբ պաշտպանեց 2005-ին, քանի որ այսօրվա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծվել էր:
Հիշեցնենք, որ 2005-ի հունիսի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանը տուն էր գնացել, 15 րոպե հետո մի  երիտասարդ ծեծել էր նրա տան դուռը եւ ասել, որ գեներալ Սամվել Կարապետյանը սպասում է: Ազատամարտիկն իրեն ուղեկցող երիտասարդի հետ գնացել էր ԼՂՀ պաշտպանական բանակ: Այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատարը Սեյրան Օհանյանն էր: Մինչ նրա մոտ հասնելը, գեներալ Սամվել Կարապետյանը հարվածել էր Պավլիկ Մանուկյանի ծնոտին ու փորին: Այնուհետեւ երկուսով՝ այսօրվա ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, մտել էին Սեյրան Օհանյանի աշխատասենյակ: Վերջինս բարեւելուց անմիջապես հետո հարձակվել էր Պավլիկի վրա. «Ես քու դաշնակ ծնողը… Վիտո՞ եք պաշտպանում (նկատի ունեին ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին-Ս.Գ.): (Նորից հայհոյանքներ-Ս.Գ.)… Կարծում եք, եթե հաղթեիք, հենց էնպես իշխանությո՞ւն էինք ձեզ տալու»: Վիրավորանքների տարափի տակ երկուսով՝ Ս. Օհանյանը եւ Ս. Կարապետյանը, սկսել էին ոտքով ու ձեռքով հարվածել Պավլիկին: Ու երբ վերջինս ջուր էր խնդրել, Վարդան Բալայանը նրան մի բաժակ ջուր էր բերել՝ մեջը թքած:
Այս պատմությունից հետո երկար ժամանակ Պավլիկ Մանուկյանը լռում էր, մինչեւ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Եվ ահա օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյին հայտարարեց, որ հայտնվել են քաղաքական աղբամանում: Ինչո՞ւ: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Պավլիկ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, արդեն քանի օր է՝ Ազատության հրապարակում նստացույց են անում ազատամարտիկները՝ պահանջելով սոցիալական արտոնություններ եւ ապրուստի հնարավորություն: Դուք՝ որպես ազատամարտիկ, ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին եւ արդյո՞ք պատրաստվում եք միանալ նրանց:
-Ես մասնակիորեն կիսում եմ նրանց կարծիքը, տղերքը շատ արհամարհված են, տպավորությունն այնպիսին է, որ այդ գործողությունը մի քանի հոգի են արել, պատերազմը ավարտվեց, թաքուն նկարագրվեց, աղճատվեց, դեգրադացվեց: Ազատամարտիկները պետք է ստատուս ունենան, բայց մյուս կողմից էլ ես մի բանի եմ դեմ, որ ի՞նչ է նշանակում, ուրեմն մենք սրա՞ համար էինք գնացել… Կարո՞ղ է՝ ինչ-որ թոշակ ստանալու համար էինք գնացել: Մենք ո՞ւմ կամ ինչի՞ համար էինք կռվում: Եթե իմ ժողովուրդը վատ է ապրում, ապա ես էլ կապրեմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Եթե ժողովուրդն արտագաղթում է, ես ո՞ւմ հերոսն եմ՝ գաղթակա՞ն, թե՞ բարոյալքված ժողովրդի:
-Վերջերս Դուք քննադատել էիք Ձեր հարազատ կուսակցությանը՝ ՀՅԴ-ին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-ՀՅԴ կյանքում քննադատության չի ենթարկվում, ես ինքս մնում եմ հավերժ դաշնակցական, այլ բան է բյուրոն:
-Իսկ ինչո՞ւ եք քննադատում ՀՅԴ բյուրոյին:
-Դա վաղուց կար, հիմա էլ հասունացավ: Ես կուզեի այդ հարցին ընդհանրապես չանդրադառնալ, քանի որ բյուրոն լռել է:
-Նեղացա՞ծ եք:
-Հայրենիքից չեն նեղանում, ես ընդհանրապես նեղացկոտ չեմ, ես զայրացկոտ եմ: Զայրանում եմ, բայց հետո իմ մեջ ոչ մի քեն չի մնում:
-2005թ. Ս. Օհանյանի սենյակում Ձեզ ծեծի ենթարկեցին, Դուք ներե՞լ եք այդ անձանց, որոնք անգամ բաժակով ջուր էին տվել Ձզ՝ մեջը թքած:
-Ճիշտն ասած, բոլորը ներողություն են խնդրել: Անգամ Ս. Օհանյանը: Ես էլ ասել եմ, որ եթե ինչ-որ մեկի դեմ հանցանք ունեմ գործած, ես էլ եմ պատրաստ ներողություն խնդրել: Ես ու Սեյրան Օհանյանը հիմա նորից շատ նորմալ փոխհարաբերությունների մեջ ենք: Ես էլի եմ կրկնում՝ ես վրեժխնդրություն կամ քինախնդրություն չունեմ: Այո՛, զայրացել, շատ եմ զայրացել: Ինչպե՞ս ասեմ, ուղղակի շատ բաներ կան, որ իմ դուրը չի գալիս, բայց մեր մեջ անձնական ոչինչ չկա:
-Իսկ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ս. Օհանյանի հետ, ի՞նչ առիթով:
-Հանդիպել ենք բազմաթիվ առիթներով, զանգահարել է, երբ որ ազատ ժամանակ է ունեցել:
-Այդ ժամանակահատվածում ՀՅԴ-ն Ձեզ սատարող հայտարարությամբ հանդես եկավ, ինչո՞ւ եք այժմ նրանց դեմ դուրս եկել:
-ՀՅԴ-ն լռեց այնքան ժամանակ, երբ իրեն վճարեցին, այսինքն՝ ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին՝ ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում՝ ի դեմս Գեորգի Պետրոսյանի, որն այժմ բյուրոյի անդամ է, եւ մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդքան էր:
-ՀՅԴ-ականների կարծիքով՝ Դուք եք ծախվել իշխանություններին, դրա համար էլ իրենց քննադատում եք: Ինչի՞ դիմաց եք ծախվել:
-Հա՛, ճիշտ եք ասում: Հիմա ես իմ շքեղ դղյակից եմ խոսում (ծիծաղում է-Ս.Գ.): Անգամ ԱՄՆ-ն այդքան գումար չի գտնելու, որ ինձ կարողանա գնել: Եթե ես ինչ-որ բանի դիմաց ծախվել եմ, ապա դա հիմա պիտի երեւար, չէ՞: Ես վարձով եմ ապրում, ապրում եմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Ես Ձեզ արդեն նշեցի, թե ովքեր են ծախվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս