ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն օրերս հայտարարել է, թե հաջողության հասնելու համար հայաստանյան ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ ու հաստատակամ: «Ագրեսիվ ասելով՝ ես նկատի չունեմ ոչ խաղաղ ագրեսիվությունը, հակառակը` կարծում եմ, որ նրանք խաղաղ կերպով, ակտիվորեն պետք է իրենց գործն անեն, կազմակերպեն մարդկանց, ստանան նրանց քվեները եւ հաղթեն ընտրություններում»,-մեկնաբանել է Ջ.Հեֆերնը: Նա նաեւ նշել է, որ ընդդիմությունը պետք է կարողանա մատնանշել խախտումները եւ հասկանա, թե ինչպես կարելի է դրանք ուղղել:
Այս տեսակետի հետ, թերեւս, դժվար է վիճելը. հաջողության հասնելու համար մի փոքր ավելի ագրեսիվությունն ու հաստատակամությունը հաստատ չէին խանգարի ընդդիմությանը: Այս խնդիրը գիտակցում են նաեւ Հայաստանում, եւ այս տեսակետի հետ հազիվ թե որեւէ մեկը վիճի:
Սակայն այլ խնդիր է, թե ով է ընդդիմության ագրեսիվության մասին հայտարարությունների հեղինակը: Դիվանագիտական էթիկան պահանջում է օտարերկրյա դեսպաններից չմիջամտել այլ երկրների ներքին գործերին: Թե դեսպանի այս հայտարարությունը որքանով կարելի է համարել միջամտություն Հայաստանի ներքին գործերին, պետք է գնահատի ՀՀ իշխանությունը: Այնինչ արդեն քանի օր է՝ իշխանություններն այս առումով քար լռություն են պահպանում. պետական պաշտոնյաներից որեւէ մեկը որեւէ կերպ չի անդրադարձել այդ խոսքերին:

Բարեւ կտամ իմ յարին

Հատկապես այս ընթացքում ԱՄՆ դեսպանի կողմից նման հայտարարությունները պատահական չեն: Պատահական չէ նաեւ նրա օգտագործած «ագրեսիվ» բառապաշարը. ընդդիմության՝ ավելի ագրեսիվ դառնալու մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարում է այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, «բարեւի հեղափոխությամբ» «բարեհաջող կերպով» եւ վերջնականապես ձախողեց հետընտրական իր պայքարը: Այնինչ այդ ընթացքում արեւմուտքը բավական լուրջ աջակցություն է ցուցաբերել ոչ շատ հեռավոր անցյալում ԱՄՆ քաղաքացի Ր.Հովհաննիսյանին. պատահական չէ, որ երբ նա հացադուլ էր անում Ազատության հրապարակում, Ջոն Հեֆերնն անձամբ գնաց այցելության. ուշադրություն, որը ԱՄՆ դեսպանը նախկինում չի ցուցաբերել եւ ոչ մի ընդդիմադիր գործչի հանդեպ: Նրանց ուշադրությունն այսքանով չէր սահմանափակվել. ԱՄՆ դեսպանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ ապրիլի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաեւ ապրիլի 9-ին՝ Ս.Սարգսյանի երդմնակալության օրը, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ոստիկանների գործողությունների իրավաչափությանը:
Չնայած այս ամենին՝ շատ կարճ ժամանակում Ր.Հովհաննիսյանի հետընտրական պայքարի հետքն էլ չմնաց: Թե այսքանից հետո արեւմուտքը Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ նոր ծրագրեր է փորձում իրագործել, դեռ հայտնի չէ: Սակայն փաստ է, որ ԱՄՆ-ը ՀՀ-ում մշտապես շարժվել է երկակի ստանդարտներով: Այսօր դեսպանը խոսում է ընդդիմության՝ ագրեսիվ լինելու մասին, սակայն ընդամենը որոշ ժամանակ առաջ նրանք շնորհավորել էին ընտրակեղծիքներով նախագահի պաշտոնը զբաղեցրած Ս. Սարգսյանին: Դեսպանը խոսում է ընդդիմության ագրեսիվության մասին, երբ մյուս կողմից թաքնված պայքար են մղել արմատական ընդդիմության՝ «Հայ ազգային կոնգրես»-ի դեմ:

Տարիներս անցան, երկխոսությունս հուշ դարձավ

Տեսակետ կա, որ ԱՄՆ դեսպանատունը առավել քան ակտիվ դերակատարություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, ընդ որում այս ընթացքում ԱՄՆ-ը փորձել է ամեն գնով սատար կանգնել ՀՀ իշխանություններին՝ փոխարենը անուղղակի հարվածներ հասցնելով ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին: Պատահական չէ, որ ամենամեծ արմատական ընդդիմադիր ուժի կազմաքանդումը սկսվեց ՀԱԿ դաշինքից հենց այն մարդկանց հեռանալով, որոնք մշտապես համարվել են ընդգծված արեւմտամետ եւ սերտ կապեր են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ: Շատերը դեռ չեն մոռացել, որ այն ժամանակ նախ ՀԱԿ-ից դուրս եկան ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանը, հետո ՀԱԿ-ը լքեց Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունը, ԱԺ ընտրություններից անմիջապես առաջ ՀԱԿ-ի դեմ դուրս եկավ առանցքային դեմքերից Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին՝ Դավիթ Շահնազարյանը: ՀԱԿ-ին հասցված ամենամեծ հարվածը, սակայն, 2011թ. իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն էր, որը գլուխ բերելու համար ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը ջանք ու եռանդ չէր խնայել: Միայն թե, չնայած նրա ճիգերին, այդ երկխոսությունն այդպես էլ տրամաբանական ավարտին չհասավ, այլ փայլուն կերպով ձախողվեց: Արդյունքում՝ իշխանությունները դուրս եկան ամրապնդված, ընդդիմությունը՝ բավական թուլացած:
Մյուս կողմից, սակայն, «վիքիլիկսյան» բացահայտումները ցույց տվեցին, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հստակ պատկերացում է ունեցել հայաստանյան ներքաղաքական կյանքի, հստակ տեղեկություններ ունեցել ե՛ւ 2008թ. կատարված ընտրակեղծիքների, ե՛ւ մարտի 1-ի դեպքերի, քաղբանտարկյալների առկայության մասին, բայց աչք փակել դրանց վրա:
Այսքանից հետո ո՞ւմ եւ ի՞նչ ագրեսիվության կոչ է անում ԱՄն դեսպանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս