ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՎԻՐԵԼ Է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր կայանալիք եկեղեցու բացման արարողությանը հրավիրել է գրեթե բոլոր նախարարներին՝ «հույժ գաղտնի» ծրարով բավական մեծ հրավիրատոմս ուղարկելով: Սակայն երեկ՝ կեսօրից հետո, արդեն պարզ էր, որ նախարարների մեծ մասը չի ընդունելու այդ հրավերը եւ չի մասնակցելու: Հավանաբար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպիսով փորձում է «ատամ ցույց տալ» Ծառուկյանին՝ իրեն քննադատելու համար:

ԴԻՄԵԼ ԵՆ
«Հայ ազգային կոնգրես»-ը երեկ հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների մասին: ՀԱԿ-ը պահանջել է քրեական գործեր հարուցել Երեւանի մի շարք ընտրատեղամասերում հանցագործության փաստերի վերաբերյալ: ՀԱԿ դիմումում մատնանշված են Երեւանի ավագանու ընտրություններում բաց քվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների, գրանցամատյանների անհետացման, վստահված անձանց նկատմամբ բռնությունների, թաղային հեղինակությունների կողմից ընտրությունները ուղղորդելու եւ այլ դեպքեր: Այդ ընտրախախտումները կատարվել են հիմնականում Մալաթիայի, Կենտրոնի, Էրեբունու, Նոր Նորքի ընտրատեղամասերում:

ՀՀԿ-Ն՝ ՉԱՐԻՔ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ն կհեռացվի իշխանությունից, երբ Փոքր Մհերը դուրս գա ժայռից: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ՀԱԿ վարչության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը հակադարձել է. «Նախ՝ փաստորեն, Գալուստը ՀՀԿ-ին նույնացնում է չարիքի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, Փոքր Մհերը դուրս կգա ժայռից աշխարհի վերջում, երբ բարին ու արդարը վերջնականապես պետք է հաղթեն չարին ու անարդարությանը»:

ԹԱՆԿԱՑԵԼ Է
Այս օրերին կաթնամթերքի շուկայում արձանագրվել է որոշակի գնաճ: Մասնավորապես 20-25 դրամով թանկացել է «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» ընկերությունների արտադրանքը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց. «Այս գնային բարձրացումների հետ կապված՝ հանձնաժողովն անմիջապես կապվել է ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նրանք գնային աճը պատճառաբանում են հիմնականում դրսից ներկրված հումքի թանկացմամբ, ինչպես նաեւ տարադրամի փոխարժեքի տատանումներով: Այնուամենայնիվ, հանձնաժողովի համար թեեւ ներկայացված պատճառաբանությունները հիմք են, բայց դրանք չեն կարող լիարժեք որպես հավաստի տեղեկատվություն ընդունվել: Հանձնաժողովը կկատարի իր ուսումնասիրությունները, փաստաթղթային հիմնավորումներ կպահանջի: Բացի այս, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրամանով արդեն պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ պահանջով՝ տրամադրել տեղեկատվություն գյուղացիական տնտեսություններից մթերվող կաթի գնի փոփոխության վերաբերյալ»: Նկատենք, որ կաթնամթերքի շուկայում մշտապես միայն թանկացումներ են լինում: Նախորդ թանկացման պատճառը անասնակերի դեֆիցիտն էր, իսկ հիմա, երբ կերը կա, փոխանակ էժանանա, կրկին թանկանում է՝ այս անգամ էլ պայմանավորված դոլարի կուրսով: Տպավորություն է, թե անասունները միայն դոլար են ուտում:




Լրահոս