ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՈԳԵՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղացիներին: Երեկ տասնյակ գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Մարգարա ճանապարհը եւ պահանջում էին կարկուտի հասցրած վնասների արագ փոխհատուցում: Մրգաշատցիները փակել էին Երեւան-Արմավիր, ալաշկերտցիները` Արմավիր-Մարգարա հանրապետական նշանակության  մայրուղիները, իսկ հայկավանցիները՝ միջհամայնքային նշանակության ճանապարհը: Գյուղացիները հուսահատված են ու չգիտեն, թե ինչպես են գոյատեւելու բանկերից վերցրած վարկերի հաշվին կատարած ցանքսերի ավերումից հետո:
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտի վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու եւ մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ: Գյուղնախարարությունից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ համապատասխան  մասնագիտական խմբերն այս եւ հետագա օրերին գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն տուժած տնտեսություններում եւ համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում: Նաեւ՝ գյուղնախարարի կարգադրությամբ ճշգրտվում են հանրապետությունում առկա սերմերի եւ սածիլների իրական ծավալները՝ անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մարզպետարանի մասնագետների հետ համատեղ ստեղծել են մի ձեւաթուղթ, որը տրվել է համայնքներին եւ համայնքային հանձնաժողովներին: Դրանց անդամները կատարում են համապատասխան ուսումնասիրություններ` տուժած տարածքները, դրանց չափերը եւ վնասվածության աստիճանը պարզելու համար: «Առաջիկայում արդյունքները կամփոփվեն,  եւ կտրվի գնահատական: Այն սահմանված կարգով կներկայացվի մարզային հանձնաժողովներին, որոնք դրանք կամփոփեն եւ կներկայացնեն հանրապետական հանձնաժողովին»,-տեղեկացրեց Պետրոսյանը:
Տուժած համայնքներից Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանի խոսքով՝ գյուղացիների մի մասը «լացում է», իսկ մյուս մասը՝ «խմում-հարբում, որ ինֆարկտ չստանա»: «Դաժան ա, աղջի՛կ ջան, մարդկանց ամբողջ բերքը փչացրել ա…  Ես 50 տարեկան եմ, բայց իմ կյանքի ընթացքում ոչ մի անգամ նման բան չէի տեսել: Խեղճ գյուղացիներն ի՞նչ կարող են անել, բան չէ… Ամբողջ գյուղը կարկտահարվել ա, չգիտեմ»,-մեծ ցավով նկատեց նա:
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի լացը նույնպես գալիս է կատարվածից. «Իմ լացն է գալիս, գյուղացին վարկեր ունի վերցրած, պարտքեր ունեն, խեղճերն ի՞նչ պետք է անեն, չգիտեմ: Ողջ գյուղը կարկտահարվել է: 100 տոկոսի վնաս է հասցվել: Ցորենը, որի հասկը նոր սկսել էր ձեւավորվել, հիմա հողին է հավասարվել: Աղջի՛կ ջան, եթե մարդու եղունգն ընկնի տեղից, ապա կծլի, բայց եթե մարդու մատը տեղից կտրեն, էլ եղունգ որտեղի՞ց լինի»:
Տեղացած կարկուտից վնաս են կրել նաեւ Ալաշկերտի պոլիէթիլենային ջերմոցային տնտեսությունները: «Եթե կառավարությունը փոխհատուցում չտա, ժողովուրդը սոված կմեռնի: Այսօր (երեկ-խմբ.) գյուղացիները մտադիր էին գնալ կառավարություն եւ դժգոհել, բայց մենք չենք թողել, փորձել ենք հանգստացնել: Էս օրի միայն մեր գյուղը չէ»,-ավելացրեց Ալաշկերտի համայնքապետը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ գյուղացիները հանդիպել են գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, որոնք գյուղացիներին խնդրել են ներկայացնել վնասների մոտավոր չափը:
Հայկավանի համայնքապետ Մամիկոն Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակիչները հիասթափված են ու հուսահատված. «Նրանց պետք է ոգեւորել: Գյուղացիները շատ են մտահոգված, ուղղակի մենք՝ որպես տեղի իշխանություն,  փորձում ենք հանգստացնել նրանց: Ճանապարհ փակելով՝ հաստատ ոչ մի արդյունքի չենք հասնի: Միգուցե կարողանանք ոգեւորել գյուղացուն, որպեսզի նա շարունակի կրկին հողագործությամբ զբաղվել: Այս պահի դրությամբ չեն ուզում մշակել, բայց հետո` չգիտեմ»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ հունիսի 9-ին, նույնպիսի ուժգնության կարկուտ տեղաց Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում: Սակայն գյուղացիները մինչ օրս ոչ մի տեսակի փոխհատուցում չեն ստացել: Ի դեպ, այդ կարկուտը վնասել էր ոչ միայն ցանքսերը, այլեւ կենդանիներին. Լճափ գյուղում տեղացած կարկուտից սատկել էր 10 խոշոր եղջերավոր անասուն, իսկ Զովաբերում՝ 17 ոչխար: Հիմա Արմավիրի մարզի գյուղացիներն ի՞նչ երաշխիք ունենան, որ իրենք էլ չեն հայտնվի Գեղարքունիքի մարզի բնակիչների վիճակում: Այս հարցին ի պատասխան` փոխնախարար Պետրոսյանն ասաց. «Հիմա ոչ ոք չի կարող ինչ-որ խոստումներ տալ: Թե ինչպիսին կլինի աջակցությունը, կերեւա առաջիկայում, երբ արդեն արդյունքներն ավարտված կլինեն»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս