«ԽՓԵՑ, ԱՎԵԼԱՑՐԵՑ, ԱՎԱՐՏԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանից ընդամենը 4 ռաունդ պահանջվեց երկրորդ թեթեւագույն քաշային կարգում մեքսիկացի Խավիեր Գալոյին պարտության մատնելու համար:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում կայացած մարտն ընթացավ ՀՀ դրոշի ներքո հանդես եկող նախկին վանաձորցու բացարձակ առավելությամբ: Արդեն 2-րդ ռաունդում նրա հարվածաշարից հետո Գալոն կորցրեց հավասարակշռությունը, ոտքի կանգնեց, սակայն շուտով 2-րդ անգամ նոկդաունի ենթարկվեց: Թվում էր՝ 3-րդ նոկդաունից հետո Գալոն այլեւս չի կարողանա շարունակել մարտը, բայց նա կրկին ոտքի կանգնեց եւ միայն 4-րդ ռաունդի 26-րդ վայրկյանին Վիկի հերթական հարվածից հետո այլեւս ի վիճակի չէր շարունակել մարտը: Դարչինյանի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA վարկածով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Տերասան:
Քանի որ Վախթանգը մենամարտից անմիջապես հետո կնոջ ու որդու հետ մեկնել է Դալլաս, որտեղից պետք է վերադառնա Ավստրալիա, նրա հետ կապվել չհաջողվեց, սակայն  «Ժողովուրդ»-ը խնդրեց մենամարտը մեկնաբանել նրան առաջին եւ բազմաթիվ մենամարտերի նախապատրաստած ՀՀ վաստակավոր մարզիչ, Վանաձորի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Բադալյանին:
-Դա որակավորման մենամարտ էր: Քանի որ Վախթանգը մեկ քաշային կարգ բարձրացավ, նրան կարող էին պարտադրել, որ եւս մեկ մենամարտից հետո իրավունք նվաճի պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար: Բայց տիտղոսները, ճանաչված լինելը հաշվի առան, եւ նա մի մենամարտով դարձավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ:
-Այս մենամարտին Վախթանգը կարծես թե ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեբանորեն ավելի լավ էր պատրաստված. երեւի քաշ գցելու խնդիրը բարդ չի եղել:
-Ես էլ զգացի, որ շատ հանգիստ է, ֆիզիկապես էլ նորմալ վիճակում է: Մի քիչ շտապողականություն կար, որը հետո կարգավորեց, արդեն տեխնիկապես ավելի ճիշտ, գրագետ սկսեց աշխատել ու աննկատ սկսեց խփել: 2-րդ, 3-րդ, 4-րդ ռաունդներին արդեն նկատելի էր, որ սկսեց ավելի ազատ աշխատել, «առաջին ձեռքն» էլ մշտապես աշխատում էր: Շատ գեղեցիկ, ինտենսիվ բռնցքամարտ էր: Մեքսիկացիների մոտ թույլ, ուժեղ չկա. նրանք բոլորը կռվում են, մի քիչ թուլացներ, գործը կսկսեր բարդանալ: Մի խոսքով, ժամանակին խփեց, հետո ավելացրեց, ապա ավարտեց:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս