2016 թվականը հանրապետության համար սկսվեց սուր-շնչառական հիվանդություններով, որոնք արդեն մի քանի օր է հանրությանը հանգիստ չեն տալիս: Տարածված վարակների թվում է նաեւ խոզի գրիպ կոչվող տեսակը: Մինչդեռ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բազմաթիվ հորդորներով ու կոչերով հանդես գալով նշում է, որ չպետք է ինքնաբուժությամբ զբաղվել եւ հիվանդության նախանշաններն նկատելուն պես դիմել համապատասխան բուժհաստատություններ, շատ քաղաքացիներ չէն կարողանում իրենց նման ճոխություններ թույլ տալ: Իսկ նման ճոխություն թույլ տվող քաղաքացիներն էլ դժգոհում են բուժհաստատություններում տիրող իրավիճակից:
Երեկ Armlur.am-ը գրել էր, որ խմբագրություն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ մտահոգություններով, որ բուժհաստատություններում գերծանրաբեռնված վիճակ է. շատերին, անգամ, միջանցքներում են սպասարկում: Ավելին, խոզի գրիպ կոչվող վարակի բուժման համար եթե նախկինում «Տամիֆլյու» կոչվող դեղամիջոցը անվճար էր տրվում, այժմ այն վաճառվում է, ինչը փաստում է առողջապահության նախարարության կայքը, նշելով` «Անիս», «Լավանդա», «Վագաֆարմ», «Ալֆաֆարմ» եւ «5+» դեղատների անունները:
Այստեղ հարց է առաջանում ` իսկ ինչ է անելու հասարակ գյուղացին երբ ոչ միայն դեղորայքն իրեն հասանելի չէ, այլև թանկ գնով է վաճառվում` 19 հազար 800 դրամ:
Այսպիսով կարելի է նկատել, որ գյուղացին երկընտրանքի առջեւ է կանգնում կամ զբաղվել ինքնաբուժությամբ, որը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, կամ մի կերպ Երեւանի նշված դեղատներից մեկից ձեռք բերել համապատասխան դեղորայքը, ինչը, սակայն, վստահորեն կարող ենք բացառել:
Արփինե Թովմասյան