Ավտովթար Երեվան-Սեվան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, Mercedes մակնիշի 32 ԼԼ 144 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Վարդանյանի վարած ГАЗ 66 մակնիշի 675 ՏՍ 42 համարանիշի ավտոբուսին: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երկաթյա արգելապատնեշները և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն:  Վթարված Mercedes-ում հայտնաբերվել է 33-ամյա Վարդան Ղարիբյանի անվամբ անձնագիր, ով հաշվառված է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք վարորդը նա է եղել, թե մեկ այլ անձ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ГАЗ 66 ավտոբուսը հաշվառված է Կոտայքի մարզի Ճանշինի “Հրազդան” Բաց բաժնետիրական ընկերության հաշվեկշռում: 




Լրահոս