Տոնական օրերն արդեն ետևում են և գաղտնիք չէ, որ պետական գերատեսչություններն ամեն տարի մեծ գումարներ են ծախսում տոնական միջոցառումների կամ խնջույքների կազմակերպման համար: Այս տարին ևս բացառություն չէր. հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանը տոնական բոլոր միջոցառումների և քաղաքի լուսավորությունն ապահովելու համար հատկացրել է 40 մլն դրամ:
Այս գումարի մեջ ներառված է դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած համերգային ծրագիրը, հրավառությունը, քաղաքի լուսավորությունը, ինչպես նաև հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան օրը տեղի ունեցած համերգային ծրագիրը:
Այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված համերգային ծրագիր է նախատեսված Հանրապետության հրապարակում, որը տևելու է 2 ժամ: Ելույթ են ունենալու ազգագրական երգի-պարի համույթները և անհատ երգիչ կատարողները։ Դրանց համար ևս 100 քմ բեմահարթակ է կառուցվել:
Նշենք, որ հանրապետության տոնածառն ունի 32 մետր բարձրություն, ձևավորված է մոտ 6.000 սոճու ճյուղով: Մայր տոնածառը զարդարված է 500 խաղալիքով և 38.000 լուսադիոդային լամպով: Նշենք, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը նման կլորիկ գումարներ է ծախսում ամանորյա միջոցառումների համար և մշտապես արժանանում հասարակության քննադատությանը, հատկապես` գլխավոր տոնածառի տեսքի պատճառով:
Իսկ տոնական խնջույքների կազմակերպման և հյուրասիրության համար Երևանի քաղաքապետարանւ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագիր էր կնքել «Արիես Քեյթրինգ Սերվիս» ընկերության հետ: Դեկտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցած միջոցառումների ժամանակ հյուրասիրությունը կազմակերպելու համար քաղաքապետարանը վճարել է 3 միլիոն 803 հազար դրամ: