2013թ. մայիսի 5-ին՚ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ևս մեկ դեպք:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Սերոբյանը, ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, փորձել է մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։
Նախաքննության տվյալներով՚ Ոսկեվազի բնակիչ Ս.Սերոբյանին քվեաթերթիկ և ծրար է տվել հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամ՚ Լ.Դավթյանը՚ ընտրողների ցուցակում ընդգրկված այլ անձի անվան դիմաց լրացնելով Ս.Սերոբյանի անձնագրի տվյալները:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լ.Դավթյանն օժանդակել է նշված ընտրատեղամասում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հաշվառված մեկ այլ բնակչի քվեարկությանը ևս:
Այսպես՚ Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողներից մեկի անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված Վ.Թորոսյանի անձնագրի տվյալները և վերջինիս տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ և ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն: Ի դեպ, Լ.Դավթյանը ևս Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել՚ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ և 38-34-153-րդ հոդվածներով, իսկ Վ.Թորոսյանին՚ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ Ս.Սերոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. մայիսի 13-ին ՚ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: