Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան»-ը չի կարող դառնալ ընդդիմություն: Սա, իհարկե, շատերի համար ակնհայտ իրողություն էր դեռեւս մեկ տարի առաջ, երբ ճիշտ այս օրերին Ծառուկյանը հայտարարեց, թե «ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում միանալ իշխանական կոալիցիային»: Սակայն այն ժամանակ չափազանց փորձառու որոշ քաղաքական գործիչներ շտապեցին ոգեւորվել ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու փաստով եւ իրենց հետագա քաղաքական հաշվարկները կառուցել հենց այդ խաբուսիկ մեկնակետի վրա:
Տրվելով քաղաքագիտական վերլուծությունների գայթակղիչ զարգացումներին` իշխանական մոնոլիտը քանդելու եւ ավազակապետական բուրգից մաս պոկելու շուրջ, այդ քաղաքական գործիչներն ու նրանց ղեկավարած ուժերն ի վերջո մնացին կոտրած տաշտակի առաջ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը վերջին պահին մնաց առանց լուրջ մրցակցի եւ անգամ այդ պարագայում մի կերպ կարողացավ վերարտադրվել: Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ԲՀԿ-ն վերստին մտավ իր դերի մեջ եւ փորձեց դառնալ «արմատական այլընտրանք»` իշխանական ՀՀԿ-ին քննադատելիս իր ձեւակերպումներով ստվերելով անգամ դե յուրե ընդդիմադիր համարվող ուժերի` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներին: Հետեւելով ԲՀԿ-ականների բակային ելույթներին` տպավորություն էր, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ ամենաարմատական ընդդիմություն: Եվ երբ Վարդան Օսկանյանը խոսեց ԲՀԿ-ի` սեպտեմբերին պաշտոնապես ընդդիմադիր դառնալու մասին, կոտրած տաշտակի առաջ կանգնած ուժերը կրկին ակտիվացան` փորձելով համոզել, որ իրենց քաղաքագիտական վերլուծական պայքարը հենց նման ընթացք էլ նախատեսել էր: Սակայն այս ընտրությունները եւս ավարտվեցին, եւ Գագիկ Ծառուկյանը բոլորին հրավիրեց իր կառուցած եկեղեցում մեղքերի թողության, ապա եւ` մի քանի ժամ անց, տրվելու նոր մեղքերի գայթակղությանը` դարձյալ իր կառուցած կազինոյում: Ընդ որում` նման անցումը բավականին խորհրդանշական է` բնութագրող մեր քաղաքական էլիտայի, եւ մասնավորապես` ԲՀԿ ղեկավարի գործելակերպը. առավոտյան՝ մեղայական, երեկոյան` նոր մեղքեր: Հատկանշական է նաեւ, որ երեկվա միջոցառմանը բացակայում էին թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Վարդան Օսկանյանը. գործիչներ, որոնք ամեն կերպ փորձում էին Ծառուկյանին մղել դեպի իրապես քաղաքական դաշտ՝ ընդդիմադիր հակումներով: Փոխարենը ներկա էր Սերժ Սարգսյանը, ում երդմնակալությանը Ծառուկյանն այդպես էլ չմասնակցեց եւ ում վերընտրությունը չշնորհավորեց:
Հ.Գ. Ծառուկյանը ԲՀԿ-ի` ընդդիմադիր չդառնալը հիմնավորելիս նաեւ ասել է. «ԲՀԿ-ն կողմնակից է այն ամենին, ինչը օգուտ է երկրին, ժողովրդին»: Ստացվում է` ԲՀԿ-ի համար ընդդիմությունն արդեն վնաս է ժողովրդին: ԱՄՆ-ում գտնվող Վարդան Օսկանյանի ականջը կանչի:
ՄԵՂՔԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ