2016 թ.-ի առաջին խորհրդակցությունը ՏԿԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ 2016թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց փրկարար ծառայությանը՝ տոնական օրերին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, անդրադարձավ 2015թ.-ի ձեռքբերումներին և առաջիկայում սպասվող աշխատանքներին.
-Ամփոփելով 2015թ.՝ կարող ենք նշել, որ մեր նախարարությունը ունեցել է ակնհայտ նվաճումներ, բայց բացթողումներ ևս եղել են: Առաջիկայում պետք է տարվեն աշխատանքներ բոլոր բացթողումները լրացնելու նպատակով, ինչպես նաև՝ պետք է ապահովել նախորդ տարում սկիզբ դրված նախագծերի բնականոն ընթացքը և ուժեղացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց տոնական օրերին գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 676 դեպքի: Ս. Ազարյանը հայտնեց, որ բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական սարքավորումները սարքին են և պատրաստ են արագ արձագանքման:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ տոնական օրերին կատարված աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ մինչև հունվարի 15-ը ջերմաստիճանի տատանումներ քիչ կնկատվեն, իսկ ձյան տեսքով տեղումներ կգրանցվեն մարզերում: Նախարարին զեկուցվեց նաև մարզերում հակակարկտային կայանների տեղադրման մասին:

Նախարար Երիցյանը, կրկին անդրադառնալով մարզերի հետ ակտիվ համագործակցությանը, հանձնարարեց պարբերաբար այցելել մարզեր` համայնքային խնդիրներին ծանոթանալու և լուծումներ տալու նպատակով։ Նախարարը նշեց, որ համայնքների խոշորացման ծրագիրը շարունակվելու է և նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ ծրագիրն ինքնանպատակ չլինի:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին տոն օրերին գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում և ԼՂՀ տարածքում ճանապարհների անցանելիության մասին:




Լրահոս