ՀՀ պետական գերատեսչություններն ամանորյա խնջույքների համար բավական մեծ գումարներ է ծախսել:
Գնման վերաբերյալ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ մասնավորապես ՀՀ կառավարության աշխատակազմը պայմանագիր է կնքել «Բոնապ» ընկերության հետ և 3.1 մլն դրամ վճարել` դեկտեմբերի 29-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդունելության շրջանակում կազմակերպված տոնական ճաշկերույթի համար, որը նախատեսված է եղել 350 անձի համար:
Նույն ընկերության հետ կառավարությունը ևս մեկ պայմանագիր է կնքել և այս անգամ վճարել 2.3 մլն դրամ` կառավարության աշխատակազմի հետ հանդիպման շրջանակում տոնական ճաշկերույթ կազմակերպելու համար: Այն նախատեսված է եղել 250 անձի համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 1.5 մլն դրամ է վճարել և պայմանագիր կնքել «Վիվառո Գեյմ» ընկերության հետ՝ տոնական միջոցառում կազմակերպելու համար: Գնման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ խնջույքը նախատեսված է եղել դեկտեմբերի 29-ին:
Ծաղկաձորի քաղաքապետարանն էլ 4.4 մլն դրամ է ծախսել քաղաքում տոնական լուսավորություն ապահովելու համար: Իսկ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 28-ին և 29-ին կազմակերպված միջոցառումների համար հյուրասիրություն կազմակերպելու վրա ծախսել է 3 միլիոն 803 հազար դրամ: